Կալիֆորնիայի
Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմամբ ավարտվեց Կալիֆորնիայի կողմից Արցախի
անկախության ճանաչման գործընթացը: Այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի
քարտուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել
էր Կալիֆորնիայի Ազգային ժողովը, իսկ Սենատի ճանաչումը գործընթացն ավարտեց:
Նրա ասելով, դա չափազանց կարևոր քայլ է, քանի որ
Կալիֆորնիան յուրահատուկ է իր մասշտաբներով և ԱՄՆ
խոշորագույն նահանգն է` ըստ բնակչության և տնտեսական ներուժի: Բացի այդ,
նահանգը մտնում է աշխարհի խոշորագույն տնտեսությունների յոթնյակի մեջ: «Ելնելով
վերն ասվածից` Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հավասարազոր է խոշոր
և ազդեցիկ պետության կաղմից մեր երկրի ճանաչման: Դա դարակազմիկ իրադարձություն է մեր
պատմության մեջ, սակայն մենք չենք սահմանափակվի դրանով, մենք ծրագրում ենք
ընդլայնել Արցախի ճանաչման աշխարհագրությունը», - նշել է Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ
նորությունը Լեռնային Ղարաբաղում ընդունվել է մեծ ոգևորությամբ: Նա
երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի ժողովրդին այդ քայլի համար:
Նա ընդսմին այդ քայլում խորհրդանշական պահ է նկատել,
նշելով, որ բանաձևն ընդունվել է սեպտեմբերի 2-ից` ԼՂՀ անկախության օրվանից մի քանի
օր առաջ: «Կարծում եմ, որ դա նույնպես ակնարկ է Ադրբեջանին այն մասին, որ քաղաքակիրթ
կազմավորումները, պետությունները, նահանգները,
պարզապես, չեն ընդունում այն քաղաքականությունը, որ վարում է պաշտոնական
Բաքուն, և երբեք չեն հանդուրժի, որպեսզի ֆաշիստական, ֆեոդալական պետությունը փորձի
ուժային ճանապարհով հարց լուծել ժողովրդավարական և քաղաքակիրթ պետության հետ», -
ընդգծել է Բաբայանը:
Նա նաև նշել է, որ այդպիսի ֆենոմենալ արդյունքի են հասել
Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցության շնորհիվ: «Այնպես որ, դա մեր
համախմբված և համակարգված գործողությունների արդյունքն է», - նշել է Բաբայանը: Ընդ
որում նա համոզմունք է հայտնել, որ այդ քայլը նաև նոր լիցք կհաղորդի
ղարաբակալիֆորնիական հարաբերություններին:
Մեկնաբանելով Ադրբեջանի արձագանքը բանաձևի ընդունմանը`
Բաբայանը նշել է, որ այլ արձագանք չէին սպասում: «Նրանք, պարզապես, հասկանում են,
որ փողն ամեն ինչ չի լուծում: Ադրբեջանական քարոզչությունը հիմնված է բացառապես
կեղծիքի և կաշառքի վրա, այն, պարզապես, անզոր է արժեքային մոտեցումների և
բարոյական սկզբունքների հանդեպ, որոնցով ղեկավարվում են բազմաթիվ երկրներ ու
ժողովուրդներ: Այդ պատճառով է Ադրբեջանն այդպիսի հիստերիայի մեջ է: Նրանք
միլիարդավոր դոլարներ են ծախսում Լեռնային Ղարաբաղը սևացնելու համար, բայց, ըստ
երևույթին, դա արդեն չի աշխատում: Կարծում եմ` դա խեդվողի յուրօրինակ ճիչ է, որին
ոչ ոք չի ցանկանում փրկել, քանի որ ֆաշիզմի ուղին բռնած պետությունն անպայման պետք
է խորտակվի` վաղ թե ուշ», - եզրափակել է Բաբայանը:
Ինչպես
արդեն հաղորդվել է, Կալիֆորնիա նահանգի Սենատը նախօրեին ընդունել է Լեռնային
Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ AJR 32 բանաձևը, որը ներառում է ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին
ուղղված կոչ՝ ճանաչելու և սատարելու ԼՂՀ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի
8-ին Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը 72 «կողմ» և 1 «դեմ» ձայներով ընդունել էր ԼՂՀ
ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը: