1915
թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
հայտարարությունը 4,5 տարի շարունակվող գործընթացի մի մասն է: Ինչպես հաղորդում է
1news.az-ը, վկայակոչելով CNN Turk-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` մեկնաբանելով երկրի վարչապետի գրավոր հայտարարությունը։
«Պատմությունը միայն սև ու սպիտակ գծերից չի բաղկացած։ Գորշ տարածքում յուրաքանչյուրը պետք է առաքինություն ունենա անցյալի տառապանքների ցավը կիսելու։ Այսօրվա հայտարարությունն իրականում, կոչ էր։ Հուսով ենք, որ մեր կոչն անարձագանք չի մնա», - նշել է Թուրքիայի
արտգործնախարարը խորհրդարանական լրագրողներին հետ զրույցում:
Նա ընդսմին հավելել է, թե, միգուցե ոմանց համար Էրդողանի հայտարարությունն
անակնկալ էր, սակայն Թուրքիայի դիրքորոշումը բոլորին հայտնի է: Նրա ասելով, դեռ
2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը պաշտոնական
Անկարան առաջարկում էր, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը հանդես գա հայտարարությամբ,
իսկ այն պահին Թուրքիայի նախապատրաստած հայտարարությունը բովանդակությամբ նման էր
Էրդողանի ներկայիս հայտարարությանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է
հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարի
սկզբի իրադարձություններ»: