Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Փորձաքննությունների ազգային
բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության շուրջ պայմանագիր: Միջոցառումը կայացել է
մայրաքաղաքի քաղաքապետարանում, ԱրմԻնֆո-ին հաղորդել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի հետ կապերի գծով պատասխանատու Լանա Մշեցյանը: Տարոն Մարգարյանը, ողջունելով հյուրերին իր ղեկավարած
գերատեսչությունում, կարևորել է այդ միջոցառումը և
համոզմունք հայտնել, որ համագործակցությունը կլինի
արդյունավետ և օգտակար: «Մենք բոլորս երևանցի ենք և ցանկանում ենք արարել ի
բորօրություն մեր քաղաքի», - նշել է քաղաքապետը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանն իր հերթին
պատրաստակամություն է հայտնել տրամադրելու բոլոր ոլորտների
փորձաքննական-վերլուծական եզրակացությունները, որոնք անհրաժեշտ կհամարվեն և որոնց
գծով մասնագետներ կան իր ղեկավարած կազմակերպությունում: Նա նաև նշել է այսօր ողջ
աշխարհում ընդունված փորձաքննական կանխարգելման կարևոր դերը:
Զրուցակիցները
նշել են փորձաքննական-վերլուծական բնույյթի անկախ տեղեկատվության կարևորությունը
ինչպես այս կամ այն ծրագրի գործարկման կամ գործունեության որևէ ուղղությամբ
աշխատանքների սկզբնական փուլում, այնպես էլ դրանց կատարման գործընթացում, և, ինչն
առավել արդիական է, կատարված աշխատանքների արդյունավետության գնահատումն
ավարտելիս: Ստորագրված պայմանագիրը քաղաքապետարանի մասնագետներին հնարավորություն
կընձեռի ստանալ փորձաքննության առաջատար մասնագետների իրավասու կարծիքը, ովքեր
լայնորեն կիրառում են արևմտյան ստանդարտները, այդ թվում` փորձաքննության և փորձաքննական
գործունեության բնագավի միջազգային փորձը: