Հայաստանը չպետք է
պայծառ հույսեր կապի, որ ԵԱՏՄ-ին միանալով դեպի երկիր օտարերկրյա ներդրումների
հոսքը կտրուկ կաճի: Նախօրեին կայացած` «Եվրասիական տնտեսական միությունում
Հայաստանի անդամության տնտեսական հեռանկարները» խորագրով համաժողովում նման կարծիք
է արտահայտել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ
Մանասերյանը: Համաժողովը կազմակերպել էր Հայերի համաշխարհային կոնգրեսը և
Ռուսաստանի հայերի միությունը:
«Մենք չպետք է հույսներՍ դնենք օտարերկրյա ուղղակի
ներդրումների վրա, այլ պետք է խթանենք ներքին ներդրումները և զարգացնենք հատկապես
փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Դա էլ իր հերթին ազդանշան կդառնա օտարերկրյա
ներդրողների համար, քանի որ ներքին ներդրումների աճը վկայում է առողջ և մրցունակ
միջավայրի մասին»,-նշել է Թ.Մանասերյանը, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցն այն մասին, թե այդ ցուցանիշի
ինչպիսի/ աճ պետք է ակնկալել ԵԱՏՄ-ին միանալիս, ինչպես նաև ինչպիսին կլինի արևմտյան
հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը:
ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, որն զբաղվում
է ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցերով, իր հերթին է նշել, որ ԵԱՏՄ-ին միանալով
Հայաստանի տնտեսական քաղաքականությունը հասկանալի դարձավ ողջ աշխարհին, քանի որ
դրանով Հայաստանը սահմանեց, թե տնտեսական որ մոդելով և ռեժիմով պետք է աշխատի
առաջիկա 10 տարիներին: «Դրանով երկիրը երաշխավորում է կայունություն, իսկ ներդրողի
համար, ինչպես գիտեք, կայունությունից կարևոր բան չկա»,-նշել է Կ.Մինասյանը: Նա
նաև շարունակել է, որ Հայաստանը շարունակում է համագործակցել ԵՄ հետ, ինչը
հնարավորություն կտա գրեթե առանց մաքսատուրքերի հայկական արտադրության ապրանքներն
արտահանել ԵՄ երկրներ, ինչն էլ իր հերթին նույնպես կծառայի որպես վստահության
գրավական:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության
տվյալներով, 2013 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 597.4
մլն.դոլար, տարեկան անկումը` 20.5%: Դրանց կառուցվածքում ՕՈՒՆ կազմել են 271.2
մլն.դոլար, տարեկան անկումը` 52.2%:
Հիշեցնենք,
որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրման պայմանագիրն ստորագրվեց 2014 թվականի հոկտեմբերի
10-ին, Մինսկում կայացած` Եվրասիական տնտեսական միության նիստի արդյունքում:
ԵԱՏՄ-ն կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: