ԱՍԱԼԱ-ի վետերան Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած դեպքը Հայաստանում պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՆախախորհրդարան՚ նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Հոկտեմբերի 20-ին ՙՆախախորհրդարանի՚ քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ՙ100-ամյակը առանց ռեժիմի՚ իրազեկման ավտոերթի ավարտից հետո իր հարևանի հետ միասին տուն վերադառնալիս է լինում, երբ նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է` ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:
ՙԿույր Ենիգոմշյանին շատ դժվար էր հասկանալ`այդ մարդիկ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ են, թե՞ հանցագործներ: Բնականաբար, նրանք հետապնդել են Ենիգոմշյանի ավտոմեքենային: Եվ շատ լավ հասկանալով, թե ում հետ գործ ունեն`կոպտորեն դուրս են բերել ազգային-ազատագրական շարժման հերոսին մեքենայից`թողնելով նրան փողոցի բանուկ հատվածում: Ակնհայտ է, որ մարդուն անօգնական վիճակում թողնելը քրեորեն պատժելի է: Բայց երբ դրանով զբաղվում են մարդիկ, ովքեր կոչված են պահպանելու օրենքը, մեկնաբանություններն ավելորդ են: Ոստիկանապետի հրամանով, կարծես, ծառայողական հետաքննություն է սկսվել: Սակայն, կամ նրա հրամանը կատարող մարդիկ այն չեն կատարել, կամ, ինչն ավելի ճշմարտանման է, դա հերթական իմիտացիոն ծուղակ է՚,- ընդգծել է նա:
Ընդդիմադիր գործչի խոսքով, ԱՍԱԼԱ-ի վետերանի հետ կապված դեպքը Հայաստանում պետական ահաբեկչության վառ օրինակ է: Նրա համոզմամբ, հասարակությանն ուղղակի պատրաստում են հերթական արյան բաղնիքի, ինչն անհրաժեշտ է մարդկանց ահաբեկելու համար: ՙՊետական ահաբեկչության նման օրինակները բազմաթիվ են: Նույն վերջերս տեղի ունեցած հարձակումն ավտոմեքենայի վրա, որով ընթանում էր Ժիրայր Սեֆիլյանի կինը: Իսկ օրերս Հայաստանի Հանրապետության դատարանն անչափահաս Շահեն Հարությունյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ, մեղադրելով նրան այն բանում, որ փորձել է պաշտպանել հորը, ում ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք՚,-ամփոփել է Խզմալյանը: