«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն
համալիրը սեփականատիրոջը վերադարձնելու նպատակով դիմել է Եվրոպական դատարան: Այս
մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության մամուլի քարտուղար Կորյուն Գրիգորյանը:
Նրա խոսքով, ընկերությունը
չի պատրաստվում հանձնվել և հույս ունի, որ պարտքերը մարելու դեպքում համալիրը ետ
կվերադարձվի: «ՄՀՀ պարտքը կառավարությանը կազմում է 25 մլն.դոլար, այն ժամանակ,
երբ ներդրումները կազմել են 42 մլն.դոլար: Հետևաբար, ազգայնացումից հետո
կառավարությունն ստիպված կլինի վճարել այն ներդրումների դիմաց, որոնց համար ունենք
պարտքեր»,-նշել է նա: Ընդ որում, Գրիգորյանը նաև նշել է, որ պաշտպանության
նախարարությունը, որի հաշվեկշռին է փոխանցվել համալիրը, պարտք է 60 մլն.դրամ:
«Քանի որ ընկերության հաշիվները սառեցված են, մենք հույս ունեինք այդ գումարով
վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն, ինչպես տեսնում եք, ՊՆ չի
պատրաստվում վերադարձնել պարտքերը»,-հայտարարել է նա:
Գրիգորյանի համար
անհասկանալի է նաև, թե ինչու կառավարությունը ՄՀՀ փոխանցել է պաշտպանության, այլ
ոչ թե մշակույթի կամ սպորտի նախարարությանը: «Կա միայն մեկ տրամաբանական պատասխան,
և դատական գործընթացը կլինի փակ, անգամ փաստաբանները չեն կարող խոսել գործի մասին,
հետևաբար, բոլոր «անորոշությունները
թաքցնելն ավելի հեշտ կլինի»,-հայտարարել է նա: Այս համատեքստում մամուլի
քարտուղարը նշել է, որ, ըստ փաստաթղթերի, ներկայումս երկրում չկա վարկատու և 25
մլն.դոլարի պարտքը կմնա բյուջեի շրջանակներում: «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը
ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի հետ «մոռացան» այդ գումարի մասին: Իսկ
այժմ այն, պարզապես, չկա, բայց տարօրինակն այն է, որ ոչ ոք այն չի փնտրում, թե
ինչպես է այն անհետացել, և ո՞ւր»,-նշել է նա: Գրիգորյանը նկատել է, որ այս և
բազմաթիվ այլ հարցերով ՄՀՀ-ն 3 նամակ է հղել ներկայիս վարչապետ Հովիկ
Աբրահամյանին, բայց 3 նամակներն էլ տեղ չեն հասել:
Ընկերության ներկայացուցչը
կասկածում է, որ ՊՆ կարող է համալիրը շահագործել առաջվա պես: «Արդեն այսօր
համալիրի տարածքը վերածվել է հասարակական զուգարանի, քանի որ մինչ կառավարության
որոշումը ԴԱՀԿ աշխատակիցները թույլ տվեցին մի շարք անօրինական գործողույթուններ,
որոնք նույնպես կներառվեն դատական հայցում»,-եզրափակել է նա:
Նշենք,
որ օգոստոսի 21-ին ՀՀ կառավարությունը կայացրել է «Պարտքի դիմաց գույք ընդունելու
միջոցառումների մասին» որոշում, որով Կարեն
Դեմիրճյանի անվան ՄՀՀ
կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին` պարտքի դիմաց, ինչը պայմանավորված է «Կարեն
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի
քան 10 մլրդ ՀՀ դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի
քան 205 մլն ՀՀ դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ
0191/04/14 սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում
չտարածելու մասին 04.08.2014 թ. ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր
կատարման ծառայության կողմից 2014 թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի
հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց
ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով անշարժ գույքի (հողամաս ավելի քան
9 հա, շենք-շինություններ շուրջ 53 հազ. քմ) ընդունման մասին հարկադիր կատարողի
առաջարկով: Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում,
պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է
«ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ
մուտքագրելով մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն
մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ: