Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանգիստ է վերաբերվում
խորհրդարանական «քառյակի» գործունեությանը և միավորված հանրահավաք կազմակերպելու
նրա մտադրությանը: Այդ մասին Սարգսյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Ինչ վերաբերում է Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ՀԱԿ պահանջին, ապա պետտության ղեկավարի խորը համոզմամբ, իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ: «Այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել, նշանակում է՝ օրենքից դուրս գտնվել: Այ, ինչպես քիչ առաջ ասացիք՝ կապված արդարության, օրենքի գերակայության հետ, մենք միշտ այդպես ենք վարվել և այսուհետ էլ այդպես ենք վարվելու: Խնդրեմ, եթե դժգոհություն ունեն՝ արտահայտեն իրենց դժգոհությունը: Փառք Աստծո, Հայաստանում դժգոհություն արտահայտող մամուլի պակաս չկա: Ինչ ասեմ, ուզում են, որպեսզի իրենց այդ դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես իրենց դժգոհությունը, իրենց ցանկությունները հայտնելու բազմաթիվ ցույցեր են եղել Հայաստանում: Ուզում են, թող հանրահավաքներ անեն, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում: Ես չեմ կարծում, որ իրենք կողմ են անօրինականությանը. իրենք էլ են ուզում, որ մենք լավ երկիր ունենանք, ուղղակի, իրենց պատկերացումները տարբերվում են մեր պատկերացումներից», - հայտարարել է Սարգսյանը:
Ինչ
վերաբերում է թեժ քաղաքական աշնան
վերաբերյալ ընդդինմության խոստումներին, ապա Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ տարի չի
եղել, որ ընդդիմությունը նման հայտարարություններ չանի: «Նրանք միշտ այդպես են
ասում: Իրոք, դա այդպես է. ամռանը քաղաքական կյանքը մեռնում է, և աշնանը քաղաքական կյանքը ամառվա համեմատ շատ ավելի ակտիվ է լինում, բայց կրկնում եմ՝ ամեն ինչը չափի մեջ, դա մեր երկրի համար շատ լավ և՛ միտում է, և՛ իրականություն: Երկիրը պետք է զարգանա, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա: Այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում: Սակայն նորից եմ ասում՝ պետք է կռվեն գաղափարները և ոչ թե՝ ոստիկաններն ու ապստամբները», -
ամփոփել է նախագահը: