Դեկտեմբերի 18-ի վաղ
առավոտից թիվ 73 երթուղու վարորդները
փակել են Նորքի զանգվածից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այդպիսով վարորդները
բողոք են հայտնում քաղաքի գազալցակայաններում գների կտրուկ բարձրացման դեմ:
Մինչդեռ բազմաթիվ մարդիկ չեն կարողանում
հասնել աշխատանքի: Իրավիճակը չափազանց լարված է, դիտվում են բախումներ
տարբեր երթուղիների վարորդների միջև: Թիվ 73 երթուղու վարորդներն
իշխանություններից պահանջում են կարգավորել գազալցակայաններում գներին առնչվող
իրավիճակը: Այդ պահանջին միացել են նաև թիվ 58
երթուղու վարորդները:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի երթուղային տաքսիների
վարորդները գործադուլ են հայտարարել: Ակցիայի մասնակիցները վրդովված են այն
առնչությամբ, որ գազի գների բարձրացումը տեղի է ունենում միայն մայրաքաղաքում:
Բանն այն է, որ վերջին օրերին Երևանի գազալցակայաններում գազի գինը բարձրացել է
ավելի քան 20%-ով` 1 խմ դիմաց 190 դրամից մինչև 230 դրամ: Մինչդեռ երկրի մարզերում
1 խմ գազն արժե 170 դրամ:
Երեկվանից
բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարում քաղաքապետարանի
տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես նաև քաղաքապետի տրանսպորտի
գծով օգնականը: Նրանք փորձում են վարորդներին համոզել վերսկսել աշխատանքը, նշելով,
որ գազի գնի փոփոխությունը քաղաքի վարչակազմից կախված չէ: