Հոկտեմբերի 22-ին մի
շարք բնապահպաններ և ակտիվիստներ ՀՀ կառավարությնա շենքի մոտ գայլերի որսին դեմ
բողոքի ակցիա կանցկացնեն: Հիմնական պահանջը գիշատիչներին որսալու վերաբերյալ
կառավարության որոշման վերանայումն է:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է
«Թռչնասերների ակումբ» կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը, անհրաժեշտ է
հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ գայլերն առանց պատճառի չէ, որ
ստիպված են լինում
հարձակվել ոչխարների վրա: Իրավիճակի արմատներն ընկած են մարդկանց գործունեության արդյունքում գիշատիչների կենսատոպի խախտման մեջ, քանի որ պակասել է նաև այն կենդանիների թվաքանակը, որոնցով սնվում են գայլերը: Իսկ այդ պրոբլեմները շարունակում են մնալ անլուծելի:
Բացի այդ,
գայլերի ոչնչացումը կարող է բերել լուրջ հետևանքների, քանի որ գայլերը հանդիսանում
են անտառի սանիտարները, որոնք սնվում են կրծողներով և թույլ ու հիվանդ
կենդանիներով:
Ըստ Արփի
համայնքում WWF-Հայաստան
կազմակերպության կողմից իրականացված
հետազոտությունների, անասնագոմերը շատ վատ, անպաշտպան վիճակում են,
գյուղացիները չունեն համապատասխան շներ` գամփռներ, որոնք հատուկ վարժեցված են նման
գիշատիչների համար: Բնապահպաններն առաջարկում են, որ սպանդի փոխարեն պետք է
էլեկտրական հովիվներ ներդնել, սրանք անասնագոմերը պաշտպանելու համար են,
գյուղացիներին հատուկ ցեղատեսակի շներով ապահովել և, իհարկե, պետք է անպայման
անտառների կենսաբազմազանությունը պահպանել, որպեսզի գայլերը սնունդ ունենան,
հակառակ դեպքում կեր փնտրելու համար մարդկանց բնակավայրեր են գնալու:
Ադամյանը
տեղեկացրել է, որ հայ բնապահպաններին աջակցելու պատրաստակամությունն են հայտնել
նաև ԱՄՆ և Եվրոպայի գայլերի պաշտպանության կենտրոնները: Բացի այդ, ռուս
ակտիվիստները ցանկություն են հայտնել Մոսկվայում կազմակերպել Հայաստանի գայլերի
պաշտապնության ակցիա:
Իսկ ավելի վաղ ՀՀ
կառավարությունը որոշել էր գայլերի որսի համար բնապահպանության նախարարությանը 20
միլիոն դրամ տրամադրել` 200 գայլ որսալու համար, ամեն մի գայլ «խփելն» արժե 100
հազար դրամ: Նշենք, որ արդեն սկսվել է որսն ու, բնապահպանները նիստին
հաջորդած օրերին դեմ են արտահայտվել այդ որոշմանը: