ՀՀ ԱԳՆ ղեկավարի
այցն Անկարա, նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով, հայկական
կողմից որևէ քաղաքական դիվիդենտ չի բերի, ինչպես նաև պետք չէ սպասել բացասական
հետևանքների: ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Սերգեյ Մինասյանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին ՀՀ առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանը նույնպես մասնակցեց Թուրգուտ Օզալի թաղմանը:
Նրա խոսքով, Էրդողանի
երդմնակալության արարողությանը մասնակցելու վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի
որոշումն ավելի շուտ պետք է ընկալել որպես դիվանագիտական էթիկայի պահպանում: «Մենք
գիտենք, որ հրավերքն ուղարկվել էր Հայաստանի նախագահին, սակայն, որոշ
հանգամանքներից ելնելով որոշվել է ուղարկել Նալբանդյանին: Իհարկե,
մասնակցությունից հրաժարվելը չէր բերի տարածաշրջանում Հայաստանի
ինքնամեկուսացմանը, բայց իշխանությունները որոշեցին, որ ավելի լավ է մասնակցել: Կարծում
եմ, որ երկու պարագայում էլ արդյունքը կլիներ նույնը, այսինքն` արդյունքի
բացակայությունը»,-գտնում է Մինասյանը: Միևնույն ժամանակ, փորձագետը վստահ է, որ
Անկարայում Նալբանդյանը կփորձի «շոշափել թուրքական ղեկավարության զարկերակը»`
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նվիրված միջոցառումներին մասնակցելու
առումով:
Իր
հերթին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի
բացառում, որ հնարավոր է գաղտնի բանակցություններ են ընթանում, մի կողմից` Երևանի
և Անկարայի, իսկ մյուս կողմից` Երևանի և հզոր տերությունների միջև, որոնք
հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ: «Քանի որ այդ
առումով մասնամասն տեղեկություններ չկան, հետևաբար, դժվար է դատել, թե արդյո՞ք
Երևանը պետք է մասնակցեր թուրք նախագահի երդմնակալությանը, թե ոչ: Հնարավոր է, որ հզոր
տերությունները հայ-թուրքական սահմանը բացելու նպատակով Երևանին խոստացել են ճնշումներ
գործադրել Անկարայի վրա, ինչով էլ պայմանավորված է ԱԳՆ ղեկավար Էդվարդ
Նալբանդյանին Թուրքիա ուղարկելու որոշումը»,-նշել է Մարտիրոսյանը: