«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» ՍՊԸ-ի միջև
ստորագրվեց Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող
ընկերություն հիմնադրելու վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիրը: Այս մասին
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի
համաձայն, ընկերության հիմնական առաքելությունն է լինելու ներդրողներին ՀՀ-ում և
ՀՀ տարածքից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների
կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու և հետագայում
այդ ներդրումների օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների
մատուցումը:
Ընկերության
հիմնական ջանքերն ուղղված են լինելու գործընկեր հանդիսացող առևտրային
ընկերությունների գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ տնտեսության տարբեր
ոլորտներում աճի պոտենցիալ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց
գնահատմանը և իրականացմանը:
Նորաստեղծ
ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձևավորմանը, այն է մասնավոր
ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ
կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների
ստեղծման տարրեր:
Արարողությունից
հետո մասնակիցները բարձր գնահատեցին եւ կարեւորեցին ստորագրված փաստաթղթերի հիման
վրա ստեղծվելիք ընկերությունների դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության
զարգացման, օտարերկրյա եւ մասնավոր ներդրումների խթանման գործում: Մասնավոր
ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիրների
հավաստմամբ կարևորվելու են նորարարություններ և know-how տեխնոլոգիաներ պարունակող
ներդրումային ծրագրերը: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը կծառայի միջազգային
ֆինանսական միջոցների ներգրավմանը: Դրա մասին է վկայում այն, որ առկա ներդրումային
ֆոնդերը ձևավորվել են արտերկրյա մասնավոր ներդրողների և միջազգային ֆինանսական
ընկերությունների միջոցներով:
Հուշագրի
ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեյցարական
«Ֆրանկ Մյուլլեր Ուոթչլենդ» ընկերության հիմնադիր, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» և «Թեքնոսերտ»
ընկերությունների խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ
և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան
Մակարոնը և այլոք:
Նշենք,
որ Արմսվիսբանկը հինադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, որի հիմնադիր է «Ֆրանկ
Մյուլլեր Ուոթչլենդ» ընկերության հիմնադիր Վարդան Սիրմաքեշը` 80% և Belegingsmachepij
Jongo" LLC ընկերությունը`
20%: Բանկը մասնագիտանում է բանկային գործունեությնա 3 հատվածներում` կորպորատիվ
բանկինգ, ներդրումային բանկինգ և պրիվատ բանկինգ: