Beeline-ը և
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի
մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից,
առաջին ծրագիրը հիմնված է «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրության վրա, որի
շրջանակներում նախատեսվում է շրջայց ցուցասրահում, վավերագրական ֆիլմի դիտում
Քոչարի կյանքի և գործունեության մասին և ստեղծագործական միջոցառումներ: Երկրորդ
ծրագիրն անց է կացվում «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն
Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում և ներառում է
ծանոթություն ներկայացված նմուշներին, ափսեների ստեղծման պատմության մասին
տեսանյութի դիտում և ստեղծագործական միջոցառումներ: Ծրագրերը նախատեսված են
ընտանեկան և դպրոցական այցերի համար:
«Գաֆէսճեան
արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը հնարավորություն կտան երեխաներին ու
նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը և նոր բացահայտումների միջոցով
հարստացնել իրենց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի
համագործակցությունը թևակոխում է նոր փուլ և նոր հեռանկարներ բացում ընկերության
սոցիալական քաղաքականության իրագործման համար` դարձնելով մարդկանց կյանքն ավելի
լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության
ղեկավար Տաթև Այրումյանը:
«Գաֆէսճեան
արվեստի կենտրոնն ուրախությամբ հայտարարում է երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի
մասին, որոնք նախատեսված են դպրոցական և ընտանեկան այցերի համար և իրականացվում են
Beeline ընկերության հետ ունեցած համագործակցության շրջանակներում։ Համոզված ենք,
որ ինչպես կենտրոնի նախորդ կրթական նախաձեռնությունները, այս ծրագրերը նույնպես
կդառնան նոր բացահայտումների առիթ մասնակիցների համար և նորովի կխթանեն երեխաների
երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը», - ասաց Գաֆէսճեան արվեստի
կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը։
Ծրագրերին
մասնակցությունն անվճար է։ Առավել
մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ նախնական գրանցվելու համար կարող եք
զանգահարել +37410 54 19 32/34 հեռախոսահամարով:
Նշենք, որ
Beeline-ը և Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից:
Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում
պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր`
ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է
ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին
ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած
բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը,
կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի
յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր,
դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան
այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն
(Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը:
«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը,
որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են
ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային
կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում:
«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն.
ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:
2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: