ԿԽՄԿ ներկայացուցիչները
հուլիսի 26-ին հանդիպել են հայկական կողմում ձերբակալված ադրբեջանցիների հետ,
նրանցից նամակներ ստացել հարազատներին փոխանցելու համար, և քննարկում են երրորդ
ադրբեջանցու դիակը նրա ընտանիքին հանձնելու հարցը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ
գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ԱՊԱ հրապարակած
հարցազրույցում:
«Անձնական
ներկայացուցչի գրասենյակն ուշադրությամբ հետևում է այդ գործի ընթացքին և մշտական
շփման մեջ է ԿԽՄԿ հետ: Ներկայացուցչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահներին
տեղեկացնում է իրադարձությունների զարգացման մասին», - հայտարարել է նա,
հավելելով, որ հուլիսի 22-ին Բրյուսելում Մինսկի կխմբի համանախագահներն առանձին
հանդիպումներ են անցկակցրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանք
լուրջ մտահոգություն են հայտնել լարվածության և բռնության աճի առնչությամբ,
ներառյալ քաղաքացիական անձանց կանխամտածված սպանությունները հայ-ադրբեջանական
սահմանի և շփման գծի երկայնքով:
«Համանախագահները կողմերին թախանձագին կոչ են արել զոհերից խուսափելու և գյուղերի ու քաղաքացիական բնակչության վրա չհարձակվելու պարտավորություն ստանձնել՝: Եռանախագահներն արտգործնախարարներին նաեւ կոչ են արել թուլացնել լարվածությունը եւ պահպանել հրադադարի մասին համաձայնագրի պայմանները: Մշտական ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել կողմերին բոլոր հնարավոր
միջոցներով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
կանխարգելելու գործում: Ներկայացուցչությունը կողմերին հնարավորություն է ընձեռում ուղղակի բանակցություններ վարել միմյանց հետ՝ դիտարկումների ժամանակ օգտագործելով ԵԱՀԿ շրջագիծը, ինչպես նաեւ պարզել անհանգստացնող հարցերն ու աջակցել ցանկացած միջոցառումների, որոնք կողմերն օգտակար կհամարեն նման դեպքերի թիվը նվազեցնելու համար»,- հիշեցրել է Կասպրշիկը:
Նա նաև
ընդգծել է, որ վերջերս արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ
համանախագահները քննարկել են նախագահների հանդիպման հնարավոր թեմաները, ընդգծելով
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կարևորությունը հաշտության
բանակցություններում առաջընթացի հասնելու համար: