ԵԱՀԿ մտահոգված է Հայաստանի դատարանի որոշմամբ, որը
ԶԼՄ-ներին պարտադրում է բացահայտել իրենց աղբյուրները:
Ինչպես հաղորդում է
կազմակերպության մամուլի ծառայությունը, մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ դատարանի այդ վճիռը կարող է զսպիչ ազդեցություն ունենալ մամուլի վրա և խանգարել հանրային նշանակություն ունեցող թեմաների լուսաբանմանը: ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդսմին անհրաժեշտ է համարել տեղեկատվության պետական և մասնավոր աղբյուրների օգտագործման հարցում լրագրողների մասնագիտական գաղտնիքի պահպանման
ճանաչումը: Նրա ասելով, իրենց աղբյուրները չբացահայտելու լրագրողների իրավունքը հետաքննողական լրագրության առանցքային սկզբունքներից է և ԵԱՀԿ կողմից շարունակաբար ճանաչվել է խոսքի ազատության հիմնարար պահանջներից մեկը: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հետևում է ԶԼՄ-ների իրադարձություններին ԵԱՀԿ բոլոր 57
մասնակից երկրներում:
Հիշեցնենք,
որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով «Հրապարակ» օրաթերթին և iLur.am լրատվական կայքին պարտադրվել է բացահայտել Ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ կապված միջադեպի մասին հրապարակումների իրենց աղբյուրները: