Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է անհնար դարձրել ղարաբաղյան
հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի
լիարժեք իրագործումը: Այդ մասին հայտարարեկ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը`
Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
«Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը», - ասել է նախագահը:
Նա նշել է, որ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման», - ասել է ՀՀ
նախագահը :
Սերժ Սարգսյանը հիշեցրել
է, որ բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): «Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի Նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում», - նշել է ՀՀ նախագահը:
Հայոց պետության ղեկավարը
նաև հիշեցրել է, որ ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: «Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ: Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերևարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով», - ասել է նա:
Հայաստանի նախագահն
ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: «Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Բարձր գնահատելով ՄԱԿ-ի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման և իրականացման գործում՝ վստահ եմ՝ «2015թ. հետո» զարգացման նոր օրակարգի միջոցով կշարունակենք հազարամյակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրավերներին դիմակայելու մեր ջանքերը՝ սահուն անցում կատարելով դեպի Կայուն զարգացման նպատակներ: Եզրափակելով ընդգծեմ, որ ՄԱԿ-ի շրջանակներում մենք միասին զգալի ճանապարհ ենք անցել «Հետ-2015 թվականը զարգացման օրակարգի» ձևավորման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր գործադրել` ճկունություն ցուցաբերելով այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար», -
հայտարարել է ՀՀ նախագահը: