Երևանի կոնյակի
գործարանը ավարտել է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան
դաշտավայրում: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ)
մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան
33 հազ. տ խաղող: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԸՆկերության
լրատվական ծառայությունից, մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել
են գյուղացիների անձնական հաշիվներին:
Աղբյուրի համաձայն, ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի
մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Մասնաճյուղը կշարունակի խաղող
ընդունել մինչև հոկտեմբերի 3-ը: Այստեղ ընկերությունը նախատեսում է մթերել ավելի
քան 4 հազ. տ, ինչի արդյունքում ԵԿԳ-ն կամբողջացնի տարվա նախապես հայտարարած ցուցանիշը:
Հիշեցնենք, որ Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը
մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այս տարի ընկերությունը նախատեսել է մթերել 37 հազ.
տ խաղող, ինչը շուրջ 2 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի արձանագրած խաղողի
մթերման աննախադեպ ծավալը:
Մթերվող խաղողի
1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի
մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա
համապատասխանաբար 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն:
Հավելենք, որ Երևանի կոնյակի գործարանը մթերում է միայն
Հայկական կոնյակի համար օրենսդրորեն սահմանված տեխնիկական սորտերի խաղող:
Նշենք,
որ Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին
հիմնադրված հայկական կոնյակգործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն
հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր
հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999
թվականին Երևանի կոնյակի գործարանը մտել է
ալկոհոլի համամաշխարհային շուկայի համա-առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային
խմբի մեջ, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են` Չիվասը
(Chivas`շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (ABSOLUT`շվեդական օղի), Մարտելը
(Martell`ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն: