Շատ
կարևոր է հասկանալ, որ Հայաստանն առայժմ այն չէ, ինչը կարելի է անվանել Ռուսաստանի
կայազոր, հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար,
քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը` Թբիլիսիում Հարավային Կովկասի անվտանգության
հարցերին նվիրված համաժողովում իր ելույթում: Նրա կարծիքով, արմատապես, Հայաստանը
կարող է լինել ռուսաստանամետ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ նա կարող է ինել պուտինամետ: Քաղաքագետի ասելով,
Հայաստանի համար ընթացիկ պահի վտանգն այն է, որ երկիրը կարող է դառնալ անկարևոր և
շատ առումներով կարող է հայտնվել երկաթյա վարագույրի ծուղակում, որը վերականգնում
է Պուտինը: Սակայն հայ հասարակությունը մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջել իր
դիրքերը, նշել է Գիրագոսյանը:
Շարունակելով իր խոսքը, որը, հիմնականում, ուղղված
էր ռուսական քաղաքականության և եվրասիական ընտրության քննադատմանը, քաղաքագետը
հեգնանքով նշել է, որ այսօրվա Ռուսաստանին լավ է հաջողվում բարեկամներ ու
դաշնակիցներ կորցնելը և թշնամիներ ձեռք բերելը: Հայաստանի հետ հարաբերությունների
տեսանկյունից Պուտինը մեր երկիրն ընդունում է հավուր պատշաճի, ինչն ինքնին
հասկանալի է, և դրան հայ հասարակության հակազդեցությունը հիմնվում է այն բանի վրա, որ Ռուսաստանի քաղաքականությունը
խախտում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ համատեքստում խոսելով
գաղափարների և իդեալների մասին` Եվրամիության և Ռուսաստանի հակասությունների
կտրվածքով, քաղաքագետն ուշադրություն է հրավիրել կոռուպցիայի վրա` որպես ռուսական
իրականության իդեալի, ինչը չի կարող գրավել որևէ մեկի: Նրա կարծիքով, «եթե
եվրոպական քաղաքականությունը հիմնված է «ավելին` ավելի շատի դիմաց» սկզբունքի վրա,
ապա Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող է աշխատել «ավելի պակաս` ավելի քչի
դիմաց» սկզբունքը, և հենց դա է այն գինը, որ
Հայաստանը պետք է վճարի, որպեսզի արժեքը համապատասխանի ակնկալիքներին և
պարտավորություններին»:
Միևնույն ժամանակ Գիրագոսյանը գործընկերներին
հավաստիացրել է, որ, չնայած այն հանգամանքին, որ մարդիկ Հայաստանից մեկնում են
տնտեսական ճգնաժամի և ժողովրդավարության բացակայության պատճառով, շատերն իրոք
ցանկանում են ապրել այս երկրում, հասկանալով, որ երկիրն ապրում է բարդ անցումային
շրջան: Սակայն այն, որ Հայաստանը «զոհաբերեց եվրոպական ուղղությունը»,
սպառնում է վերածվել մի վիճակի, երբ արդեն
իրականացված բարեփոխումները կենթարկվեն ձևախախտման, կարգելակվեն և կապամոնտաժվեն,
իսկ տնտեսական թուլությունը ցույց է տալիս, որ «համակարգը չի կարող դառնալ
ինքնաբավ»:
Միևնույն ժամանակ, քաղաքագետի կարծիքով, Հայաստանը
մեծ հաջողությունների է հասել անվտանգության համակարգի բարեփոխումներում, ինչպես
նա արտահայտվել է` «արևմտյան ոճով»: «Հարկավոր է խրախուսել, զարգացնել և ոգեշնչել
Հայաստանի խաղաղապահ ուժերի մասնակցությունն Աֆղանստանում և Իրաքում»: Նա կարծում
է, որ որոշակի դրական բան կա նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
գործում, որոնք կարող են «թափ տալ աշխարհաքաղաքական քարտեզը»` ամենադրական
իմաստով, և «վերակառուցել թշնամուն»: Սա այն միտումն է, կարծում է Գիրագոսյանը,
որում պետք է ներդնել, և որը կհանգեցնի տարածաշրջանում ավելի մեծ կայունության և
անվտանգության ձեռք բերմանը:
'
Խոսելով
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` քաղաքագետը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի
անդամակցումից հետո երկիրը դարձել է ավելի անպաշտպան, առկա է ռազմականացման
գործընթաց, իսկ երկու երկրների
նախագահները դարձել են սեփական քաղաքականության պատանդը: Երկու կողմերն էլ իրենց
չեն կարող թույլ տալ լայնածավալ հակամարտություն, սակայն աշխատում են կարճաժամկետ
ապակառուցողական գործողություններով: Այդ համատեքստում միակ շահառուն դառնում է
Ռուսաստանը, իսկ Հայաստանն այլևս գործընկեր չունի խաղաղության համար, նշել է
Գիրագոսյանը: