Ապրիլի
15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ,
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, գործարար կանայք իրենց բիզնեսի զարգացման
համար ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ դրամային վարկեր կստանան արտոնյալ պայմաններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից,
«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կանանց կամ այն բիզնեսներին, որոնցում 50 և ավելի
տոկոս բաժնեմասը պատկանում է իգական սեռի
ներկայացուցիչներին, ինչպես նաև այն տնտեսվարող սուբյեկտներին որոնց աշխատողների 60 տոկոսը կանայք են, առաջարկվում է մինչև 100 մլն դրամ բիզնես
վարկեր` 12 տոկոս տարեկան դրույքաչափով և 5 տարի մարման ժամկետով:
Նշենք,
որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ 2014 թ.-ի կորպորատիվ ռազմավարության մեջ առանձնակի տեղ է հատկացված կանանց բիզնեսի զարգացմանը, և նրանց համար պարբերաբար մշակվում են տարբեր ակցիաներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի տվյալների, ՓՄՁ վարկավորման գծով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գտնվում է առաջատարների տասնյակում, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովելով 27,7 մլրդ.դրամ ծավալ (վարկային պորտֆելի 33%-ը), տարեկան կտրվածքով աճելով 8,5%: Նույն ամսաթվով բանկի մեծամասնական բաժնետերն է հանդիսանում նավթի առևտրով զբաղվող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունը, որի մասնաբաժինը բանկի կանոնադրական
կապիտալում կազմում է 69,24%: Այնուհետև հաջորդում են EBRD-ն` 25%+1 բաժնետոմս, ինչպես նաև Rural Impulse Fund II-ը (բելգիական Incofin Investment Management - Incofin IM խմբի անդամ)` 5%: