ԲՀԿ չի դիտարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու հարցը: Այդ մասին ասվում է ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից
ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարությունում:
Ինչպես
հաղորդել է պատգամավորը, նախօրեին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: «Բացելով փակագծերը կարող եմ ասել, որ ինչպես նախորդ քաղաքական կոնսուլտացիաների ֆորմատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այնպես էլ այս հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել են նույն խնդիրները և տեսակետների որևէ փոփոխություն չի եղել: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ բացառել է կոալիցիոն կառավարության մաս կազմելը և տեղեկացրել է, որ ԲՀԿ քաղաքական օրակարգում կոալիցիա կազմելու հարց ընդգրկված չէ: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումների գործընթացն իրականացնելու նախաձեռնությունը ժամանակավրեպ է և ներկայումս առաջին հերթին պետք են տնտեսական բարեփոխումներ: Եվ վերջում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ նախագահի հետ զրույցում վեր է հանել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր հուզում են հանրության ամենալայն շրջանակներին և առաջնահերթ լուծում են պահանջում, դրանք են՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, կարմիր գծերի, արագաչափերի գործածմանը վերաբերող խնդիրները, ինչի պատճառով այսօր առկա է սոցիալական մեծ լարվածություն», - նշել է Ուրիխանյանը: