Beeline-ը և «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում կիրականցվեն երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, համագործակցությունը նաև նպատակ ունի համախմբել տարբեր մասնագիտական խմբերի տաղանդավոր և ակտիվ երիտասարդներին՝ ներգրավելով նրանց ժամանակակից հասարակության ակտուալ սոցիալական խնդիրների լուծման գործընթացում։
Աղբյուրի համաձայն,
Հայաստանի ԲՈՒՀ–երում սովորող երիտասարդներին միավորելու նպատակով կկազմակերպվեն համաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ և հանդիպումներ փորձագետների, արվեստի ու գիտության հեղինակավոր գործիչների հետ:
«Երիտասարդները և նրանց զարգացմանն ուղղված ծրագրերը
մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ուրախ ենք, որ այս
համագործակցության շնորհիվ կկարողանանք
նոր հեռանկարներ բացել հայ տաղանդավոր երիտասարդների համար և օգնել նրանց դարձնել կյանքն ավելի
լավը: Հանդիսանալով Հայաստանում խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը`
կարող եմ հավաստիացնել, որ այս երկրի
համար առանցքային նշանակություն ունի առաջնակարգ մասնագետների զարգացումը,
քանի ոը ցանկացած ոլորտի հաջող գործունության հիմնական գրավականը խելացի և կայացած
մասնագետն է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ
Պյատախինը։
Նշենք, որ համագործակցության շրջանակում արդեն իսկ
իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես կազմակերպվել են իրավագետների
և ֆինանսների ոլորտի մասնագետների փոխադարձ աջակցությանն ուղղված բաց
քննարկումներ, որին մասնակցել է ավելի քան
400 երիտասարդ մասնագետ:
Մյուս միջոցառումն ուղղված էր առողջ ապրելակերպի
գաղափարի տարածմանը, ինչպես նաև բժշկական
և կենսաբանական մասնագիտացում ունեցող ուսանողների զարգացմանը։ Այս միջոցառման
շրջանակում Հայաստան է այցելել Ինսբրուքի Բժշկական Համալսարանի պրոֆեսոր Հերման
Պինգերը, ով ոչ միայն կիսեց իր փորձը Հայաստանի Պետական Բժշկական Համալսարանի և
Ռուս-Հայկական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, այլ նաև մի
շարք բժշկական հաստատություններում բարեգործական հիմունքներով անցկացրեց
հիվանդների ախտորոշում և բուժում։
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրներում, իսկ
գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն
ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են
ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային
կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում:
«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն.
ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014
թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: