Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացման միջադեպի առնչությամբ բոլոր հարցերի պատասխանը կտա ծառայողական քննությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ուղղաթիռը մոտ թռչել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին և ով է նման հրաման տվել: Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել այդ միջադեպը հայկական զինված ուժերում տիրող հոգեբանական վիճակի վրա` նախարարն ասել է. ՙՄիջադեպերը, իհարկե, ազդեցություն ունենում են, բայց դա չի նշանակում, որ բանակը կարող է բարոյահոգեբանական անկում ապրել: Այդպիսի բաները խորթ չեն բանակի համար, այն ստեղծված է պատերազմի համար, ու սա պատերազմի մի դրվագ է՚:
Նշենք, որ այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: