Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը
կոչված է ոչ թե խորացնելու
բարեփոխումները, այլ` մեղմելու Հայաստանում առկա քաղաքական և սոցիալական
լարվածությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ գործատուների
հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա ասելով, Աբրահամյանը,
ով մինչ այժմ զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, օրենսդիր և գործադիր
մարմիններում աշխատանքի հարուստ փորձ ունի: Նա զբաղեցրել է նաև տարածքային
կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնները: «Նախորդ վարչապետը հրաժարական է
տվել ոչ թե տնտեսական վատ ցուցանիշների, այլ այն պատճառով, որ չէր կարողանում
համախմբել բոլոր քաղաքական ուժերը, ինչով և պայմանավորված է լարվածությունը
հասարակության շրջանում: Այդ առնչությամբ Աբրահամյանը կարող է միավորել բոլոր
քաղաքական ուժերին և ընդհանուր ջանքերով առաջին փուլում մեղմել երկրում առկա
քաղաքական և սոցիալական լարվածությունը: Երկրորդ փուլում կարելի է մտածել
բարեփոխումների մասին», - ասել է Մակարյանը: Նա հավելել է, որ վերջին տարիներին
սոցիալական խնդիրները սրվել են, և դրանք հարկավոր է անհապաղ լուծել:
Կարևորագույնների թվում են փոքր և միջին բիզնեսի
զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և արտագաղթի կասեցումը: Օրինակ, Գյումրիում
դեռ 4 հազար ընտանիք սեփական տանիք չունի: Այդ խնդիրները լուծելու համար վարչապետը
պետք է դիմի օլիգարխներին` ֆինանսավորման համար: Կան տեխնոլոգիաներ, որոնցով 1 քմ
բնակտարածքի շինարարության համար ծախսվում է 400-450 դոլար: Այդ բնակարանային
խնդիրը լուծելու համար հարկավոր է ներգրավել 12 մլն դոլար, ասել է Մակարյանը: Նա
հավելել է, որ նոր վարչապետը պետք է սառեցնի կենսաթոշակային բարեփոխումը, այլ ոչ
թե` փոփոխություն կատարի կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: «Մաքսային
միությանն անդամակցելու հարցում պետք է սպասել մինչև հոկտեմբեր և տեսնել, թե
ինչպես կզարգանան Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները», - ասել է Մակարյանը: