Հոկտեմբերի 25-31-ը
Երևանում կընթանա անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի
հետ զրույցում հաղորդել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, փառատոնը կբացի
ռեժիսորներ Ստեֆան Բյոռլի և Մատիս մալզյոյի «Սրտի մեխանիկա» ֆիլմը: Ինչպես և
նախորդ տարիներին, փառատոնի շրջանակում կընթանան տարածաշրջանային պրեմիերաներ:
Դրանց թվում են Ալե Աբրեուի «Մանուկն ու աշխարհը» (Բրազիլիա), որն արժանացել է
անիմացիոն ֆիլմերի Անսի-2014 միջազգային
փառատոնի մրցանակի:
Եվս մեկ տարածաշրջանային
պրեմիերա կլինի Հելեն Ժիրոյի և Թոմաս Զաբոյի «Թրթուրներ: Արկածներ մրջյունների
հովտում» ֆիլմը (Ֆրանսիա):
Ընդհանուր առմամբ,
«Ռեանիմանիայի» շրջանակում կցուցադրվի շուրջ 400 ֆիլմ: Քասունիի ասելով, այս տարի
փառատոնին մասնակցության 850 հայտ է ստացվել աշխարհի 90 երկրներից, ինչը գրեթե
երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ավանդույթի համաձայն,
«Ռեանիմանիայի» շրջանակում կընթանան ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ, այլև`
վարպետության դասեր: Բացի այդ, Կաննի ՄԿՓ դափնեկիր Սերժ Ավետիքյանը փառատոնում
կներկայացնի իր նոր նախագիծը` «Վերջին ռաունդը Ստամբուլում»:
Ինչպես ԱրմԻնֆո-ին պատմել
է փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը, այս տարի «Ռեանիմանիան»
կընդունի շուրջ 20 հյուրերի աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում են ֆրանսիական
«Ֆոլիմաժ» ստուդիայի կոմպոզիտոր և ռեժիսիոր, «Ռեանիմանիա-2013» դափնեկիր Մարկ
Բորեալը:
«Ռեանիմանիան» կնշի
կինոռեժիսոր- մուլտիպլիկատոր Նորման ՄակԼարենի 100-ամյակը. կընթանա ռեժիսորի ֆիլմեր հետադարձ ցուցարդություն, ինչպես նաև
Էդինբուրգի ՄԿՓ-ում Նորման ՄակԼարենի անվան պարգևի արժանացած ֆիլմերի
ցուցադրություն:
Փառատոնի
ուշադրությունից դուրս չի մնա նաև նկարիչ-բեմադրող Վալենտին Պոդպոմոգովի
90-ամյակը: Մասնավորապես, կկազմակերպվի նրա կյանքի և գործունեության մասին պատմող
վավերագրական ֆիլմերի ցուցադրություն: