Հայաստանի ազգային ժողովի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին հետաձգել է հերթական
նստաշրջանում Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին որոշման նախագծի քննարկումը,
որը նախաձեռնել էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նախորդ
տարիներին «Ժառանգություն» խմբակցությունը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ ճանաչման
մասին օրենսդրական նախաձեռնություններով, սակայն կառավարող ՀՀԿ-ն նույնպիսի
հետևողականությամբ քվեարկել է օրենքի ընդունման դեմ:
Հանդես գալով նույն կոչով, այս անգամ ոչ թե օրենքի, այլ
որոշման նախագծի տեսքով, Փոստանջյանը նշել է մի շարք հանգամանքներ, որոնք
անհրաժեշտ են դարձնում նման որոշման կայացումը: Նրա ասելով, այդ հանգամանքներն
առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի առաջիկա հնարավոր
անդամակցությանը, ինչը որոշակի արգելքներ
է առաջացնում հայկական երկու հանրապետությունների միջև: Խոսքը վերաբերում է,
առաջին հերթին, մաքսակետ տեղադրելու հնարավորությանը: «Այդ դեպքում Հայաստանը չի
կարող ինքնուրույն որոշել Լեռնային Ղարաբաղի հետ իր տնտեսական համագործակցության
սխեմաներն ու մեխանիզմները: Մենք այդ լիազորությունը զիջում ենք վերազգային
մարմնին: Այս պայմաններում առաջարկում եմ խորհրդարանի մակարդակով դե-յուրե
ամրագրել Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը, իրավաբանորեն ամրագրել Լեռնային
Ղարաբաղը պաշտպանելու Հայաստանի պարտավորությունները, բացառել խաղաղապահների
տեղակայումը հակամարտության գոտում», - ասել է փոստանջյանը:
Նրան
առարկել են ՀՀԿ պատգամավորները, որոնք պնդում են, թե անվտանգության բավականին
փխրուն տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային համակարգի պայմաններում ավելի լավ
է Արցախի ճանաչումը հետաձգել: «Հայաստանի և ՄԱԿ-ի մյուս բոլոր անդամների կողմից
Արցախի պաշտոնական ճանաչումը մեր առաջնային խնիդրն է: Սակայն այսօր, ցանկանում ենք`
թե ոչ, մենք պետք է իրատեսորեն գնահատենք մեր
դիվանագիտական հնարավորությունները», - կարծում է ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը:
Մեկ այլ հանրապետական` Արտաշես Գեղամյանը, իր հերթին նշել է, որ ԼՂՀ ճանաչման
մասին որոշման նախագիծն ինքնին պետքական փաստաթուղթ է այն առումով, որ ԵԱՀԿ ՄԻնսկի
խմբի համանախագահներին և Ադրբեջանին ցույց է տալիս խնդրի կարգավորման
այլընտրանքային տարբերակ, հաղթաթուղթ է դնում Երևանի ձեռքին` բանակցություններում:
Սակայն նա նույնպես անհրաժեշտ է համարել որոշման շուրջ քվեարկության հետաձգումը:
Բուռն, երբեմն, հուզական քննարկումների արդյունքում պատգամավորները որոշել են
հետաձգել փաստաթղթի ըդնունումը` անհրաժեշտ սրբագրումներ և լրամշակում կատարելու
պայմանով: