Գյուղատնտեսության ոլորտում, ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն, միլիոնավոր դոլարների խախտումներ են հայտնաբերվել, որոնց համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել: Այդ մասին բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը:
Նրա խոսքով, եթե նշված գումարի նույնիսկ 10%-ն իրականություն է, դա արդեն լուրջ մտահոգության առիթ է և ընդհանրապես խայտառակություն պետական կառավարման համակարգի համար: ՙՉնայած այն բանին, որ ես կառավարող կուսակցությունից պատգամավոր եմ, պետք է նշեմ, որ խմբակցության գծով գործընկերներիցս ոչ ոք այդպես էլ այդ հարցը չի բարձրացրել՚,- ասել է նա:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ի պատասխան միայն ասել է, որ դժվար թե գտնվի որևէ մեկը, ով ջատագովի պետական գումարների յուրացումը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին, ներկայացնելով գերատեսչության բյուջեն, հայտնել է, որ 2015 թ. ոլորտի կարիքների համար նախատեսվում է հատկացնել 10 մլրդ դրամ, ինչը 3 մլրդ-ով ավել է անցած տարվա ցուցանիշից: Դրանից 2.4 մլրդ-ն վարկային և դրամաշնորհային ծրագրեր են: