Ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռի խոցումն ադրբեջանական զինված ուժերի կողմից բարդացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչը Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման հերթական դրսևորում է: Այդ մասին Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ Ադրբեջանի սադրիչ քաղաքականության պայմաններում հակառակորդի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի ոչնչացումն անսպասելի չէր: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացման փաստն աննախադեպ է: ՙԱդրբեջանը համարժեք պատասխան կստանա և հետագայում երկար կմտածի, նախքան նման քայլեր ձեռնարկելը: Սակայն, մեր գերակա խնդիրը խփված ուղղաթիռի անձնակազմի անդամենրի ճակատագիրը պարզելն է և նրանց վերադարձնելը, քանի որ մենք հարցին մոտենում ենք հումանիտար տեսակետից, միջազգային իրավունքի դիրքերից՚,- հայտարարել է նա`ավելացնելով, որ սա Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի խախտման առաջին դեպքը չէ, քանի որ շատ հայ գերիների կամ սպանել են այդ երկրի տարածքում, կամ նրանք մահացել են հայրենիք վերադառնալուց հետո: ՙԱյդ իսկ պատճառով Ադրբեջանը մեկուսացման մեջ է հայտնվել՚,-ասել է Միրզոյանը: