«Արմենիան Քափըր Փրոգրամ» (ԱՔՓ) փակ բաժնետիրական
ընկերությունը 2014 թվականի ինն ամիսներին կրճատել է սև պղնձի արտադրությունը
մինչև 7,312 հազար տ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,103 հազար տ դիմաց:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Վալլեքս» խմբի ընկերությունների (որի
մեջ մտնում է ԱՔՓ) մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը:
Վերամշակված պղնձի խտանյութի ծավալը կրճատվել է մինչև 34,329
հազար չմտ` նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի 36,075 չմտ ճշգրտված ցուցանիշի դիմաց:
Արտադրական ցուցանիշերի
նվազումն ընկերությունում բացատրել են հումքի մատակարարման քանակների
տարբերություններով: Յուրաքանչյուր տոննա խտանյութի վերամշակման արդյունքում
ստացվող սև պղնձի քանակի ցուցանիշերի միջև տարբերությունը պայմանավորված է
տարբեր մատակարարներից ստացվող խտանյութերի բաղադրությունների տարբերությամբ:
Հիշեցնենք,
որ ԱՔՓ մշակման համար խտանյութ է ստանում ԼՂՀ Base Metals ընկերակից
ձեռնարկությունից և Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային
կոմբինատից, որի խտանյութն ավելի հարուստ է պղնձով: Թողարկվող արտադրանքը լիովին
արտահանվում է Եվրոպա: 2012 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ սև պղնձի արտադրությունն
ավելացրել էր 13,5 տոկոսով` մինչև 10,075 հազար տ` 2011 թվականի 8,877 հազար տ
դիմաց: «Արմենիան
Քափըր Փրոգրամ» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի
Վալերի Մեջլումյանին: