Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի շփման գծում լարվածության մեծացումն Ադրբեջանի կողմից իր բարդույթների հերթական անհաջող դրսևորումն է, այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ըստ որում, նա նշել է, որ նման միջադեպերն այսուհետ ևս կշարունակվեն: ՙՊարզ է մեկ բան. բանակցային գործընթացը կշարունակվի, նաև կրկին տեղի կունենան հրադադարի ռեժիմի խախտումներ՚,- նշել է նա`ավելացնելով, որ մոտ ապագայում այդ գործընթացում որևէ պայմանավորվածություն ձեռքբերելու հնարավորություններ չի տեսնում:
Միաժամանակ քաղաքագետը չի համաձայնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, որ հայկական կողմն ադրբեջանական ոտնձգություններին բավականին զուսպ և անհամարժեք է պատասխանում` ընդգծելով, որ հայկական կողմը միշտ համարժեք պատասխան է տվել: Նա նաև չի համաձայնել առաջին նախագահի այն գնահատականին, որ Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` Եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռեւս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի միջև հսկիչ անցակետի հնարավոր տեղադրմանը` Մարկարովը նշել է, որ դե-ֆակտո Երևանի և Ստեփանակերտի միջև առևտրային ընդհանուր տարածությունը կպահպանվի, դե-յուրե չի բացառվում անցակետերի տեղադրումը, բայց նույնիսկ տեղադրման դեպքում դրանք կվերահսկվեն հայկական կողմից:
Ըստ որում, քաղաքագետը գտնում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամկետների ձգձգումը կապված է ֆորմալ հարցերի հետ: ՙԿողմերը պետք է հասնեն այնպիսի արդյունքի, երբ փաստաթուղթն ընդունելի լինի բոլորի համար: Հակառակ դեպքում, համաձայնագիրը կարող է չստորագրվել՚,- եզրափակել է նա: