Նոր սառը պատերազմ արդեն ընթանում է: Բոլորը ձևացնում են, թե դա այդպես չէ, բայց փաստացի հակասություների վերացման համար գոյություն ունեցող հարթակները չեն գործում, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի /Ռուսաստան/ փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:
ՙՈ’չ ՄԱԿ-ը, ո’չ ԵԱՀԿ-ն, ո’չ ՙյոթնյակները՚ չեն կարող կարգավորել գոյություն ունեցող ճգնաժամերը, չեն գործում որպես պայմանավորվածությունների ձեռք բերման գործիք: Տարբեր բևեռների միջև մրցակցությունը միմիայն կուժեղանա: Ըստ էության, գոյություն ունի երեք մեծ բևեռ: Մի բևեռում ԱՄՆ-ը ու վերջինիս դաշնակիցներն են, որոնք պնդում են բարոյական սկզբունքների որոշակի ընտրություն և այդ սկզբունքների հիման վրա համաշխարհային արդարադատություն իրականացնելու իրենց իրավունքը: Մյուսում` Ռուսաստանը, Չինաստանը, ԲՐԻԿՍ մյուս մասնակիցներն են, որոնք ավելի պահպանողական, ավանդական արժեքների կրողներ են: Երրորդում իսլամական աշխարհն է` ԻԼԻՊ-ը, սիրիական արմատական ընդդիմությունը, որոնք հանդես են գալիս իրենց որոշակի բարոյական կոդեքսի օգտին, որն ինչ-որ բանում համընկնում, ինչ-որ բանում չի համընկնում առաջին երկուսի հետ՚,- նշել է նա:
Պոլիկանովն ընդգծել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմում փոքր երկրները պետք է առավելագույնս չեզոքություն պահպանեն: Նրա կարծիքով, այդ առումով հատկանշական է Ուկրաինայի հետ կապված պատմությունը: ՙԲլորին գոհացնում էր ստատուս-քվոն, երբ Ուկրաինան կարող էր կամուրջի դեր խաղալ Արևմուտքի և Արևելքի միջև: Հենց որ այդ փխրուն հավասարակշռությունը խախտվեց, կտրուկ դիմակայություն սկսվեց՚,- հիշեցրել է նա: Ըստ Պոլիկանովի, փոքր երկրների համար ևս մեկ շահեկան մարտավարություն է խոշոր խաղացողների միջև դիմակայության հաշվին սեփական խնդիրների լուծումը:
Փորձագետը նաև սառեցված հակամարտությունների սրում է սպասում հետխորհրդային տարածությունում: ՙՈւկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, որ ԵԱՀԿ հարթակում գործող մեխանիզմները, որոնք թույլ կտային նման հակամարտությունների փոխընդունելի հանգուցալուծումներ գտնել, այդպես էլ ի հայտ չեկան: Վախենում եմ, որ Ղարաբաղում հնարավոր չի լինի դրանից խուսափել: Արտաքին սադրիչներից նույնպես չես կարող զերծ մնալ, ԵԱՏՄ հաջողություններին և այդ միությանը Հայաստանի անդամակցությանը ևս Արևմուտքում խեթ են նայում: Նշանակում է` փորձելու են ապակայունացնել իրադրությունը՚,- համոզված է Պոլիկանովը:
Մամուլի ասուլիսը կազմակերպվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ` ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի նախագծի շրջանակներում: