Իր ոչնչացված
գյուղատնտեսությունով Հայաստանը փաստորեն Եվրասիական միության շուկա արտահանելու
ոչ մի բան չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լյովա
Խաչատրյանի խոսքով, երկրի գյուղատնտեսությունը բոլորովին պատրաստ չէ ԵԱՏՄ-ին
միանալուն:
«Որևէ բան արտադրելու համար հարկավոր է փող, միջոցներ,
ներդրումներ: Ի՞նչ արտահանման մասին կարող է լինել խոսքը, եթե իշխանություններն
իրենց քաղաքականությամբ նպատակաուղղված ոչնչացնում են ոչ միայն փոքր և միջին
բիզնեսը, այլ նաև գյուղատնտեսությունը»,-ասել է նա այսօր կայացած մամուլի
ասուլիսում:
Նրա խոսքով, գյուղատնտեսական տեխնիկայի ինքնարժեքը
բավականին բարձր է, իսկ այդ փաստը, վարկային բարձր տոկոսադրույքների հետ միասին,
հայ ագրարներին դնում է ծայր աստիճան անշահավետ դրության մեջ:
«Իրավիճակն
ավելի է խորացնում փոքր ՀԷԿ-երի գործունեության հետևանքով հողատարածքների
վարակվածությունը: Միայն Արագածոտնի մարզում կեղտաջրերով ոռոգելու հետևանքով
վարակվել է 200 հեկտար հողատարածք: ՀԷԿ-երը կառուցվել են առանց տեղական պայմանների
համապատասխան ուսումնասիրությունների»,-ասել է խորհրդարանականը: