Հայաստանում շինանյութի խոշորագույն արտադրող "Շեն Հոլդինգ"-ը ընդլայնել է իր ապրանքատեսականին` համալրելով այն ջրադիսպերսիոն (W1) և լատեքսային (L1) ոչ թանկ ներկերով: Այս մասին
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրեց ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Առաքելյանը: Նա ընդգծեց, որ ընկերության կողմից արտադրվող ինչպես համեմատաբար թանկ, այնպես էլ ավելի մատչելի ներկերն ունեն բարձր որակ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր են, իսկ դրանց հիմնական տարբերությունը ծածկողականության տարբեր աստիճանն է:
"Մենք ձգտում ենք ներկայանալ ներկերի շուկայի բոլոր գնային սեգմենտներում: Նման քաղաքականությունը մեզ թույլ է տալիս բարձարցնել մեր արտադրանքի մատչելիությունը և տարբեր եկամուտներ ունեցող գնորդների համար այն դարձնել առավելագույնս հասանելի",- պարզաբանեց պարոն
Առաքելյանը: Ըստ նրա` ընկերության նոր արտադրանքն արդեն լայն մասսայականություն է վայելում սպառողների շրջանում. "Ոչ թանկ տեսակների վաճառքների ծավալն արդեն կազմում է թանկ տեսակների վաճառքների ծավալի մոտ 30%-ը: Մինչև 2014 թվականի ավարտն այս ցուցանիշը, մեր ակնկալիքներով, կհասնի 50%-ի":
Ընկերության կորպորատիվ քարտուղար Աննա Վարդանյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ արտադրությունում նոր տեխնոլոգիաների կիրառման, տեղական հումքի մասնաբաժնի ավելացման, ինչպես նաև հումքի մատակարարման նոր համակարգի կազմակերպման շնորհիվ հոլդինգին հաջողվել է նվազեցնել ներկերի ինքնարժեքը: "Մենք այժմ ուղիղ` առանց
միջնորդների ենք համագործակցում հումքի եվրոպական մատակարարների հետ, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս արտադրանքի ինքնարժեքը",- նշեց նա:
Ըստ ընկերության տվյալների` ջրադիսպերսիոն (W1 սերիայի) ոչ թանկ ներկերի 15 լիտրի շուկայական գինը կազմում է մոտ 9 հազար դրամ, իսկ լատեքսային ներկերի (L1 սերիայի) գինը` 14 հազար դրամ: Իսկ թանկ տեսակների (W և L) 15 լիտրը համապատասխանաբար արժե մոտ 10 հազար և 18 հազար դրամ: Ընդ որում, W1-ը շուկայում վաճառվում է 2014 թվականի հունվար
ամսից, իսկ L1-ը`մայիսից:
Հիշեցնենք, որ "Շեն Հոլդինգ"-ը զբաղվում է շինանյութերի,
այդ թվում` ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև բետոնե
բլոկների ու մայթի սալիկների արտադրութամբ և իրացմամբ: Ընկերությունն
ակտիվ արտադրական գործունեություն է ծավալում նաև Վրաստանում: Ներկայումս հոլդինգն
ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ձևավորման վրա` տիրապետելով
տարածաշրջանի ամենախոշոր գիպսային հանքավայրին: Ներկայումս "Շեն
Հոլդինգ" ՓԲԸ ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ:
"Շեն Կոնցեռն"-ը հիմնադրվել է 1995 թվականին: 2012
թվականի վերջին ընկերությունը վերակազմավորվեց՝միավորելով
Huntsman Building Products ընկերությունը և "Շեն Գրուպ" ՓԲԸ-ն, որից հետո
վերանվանվեց "Շեն Հոլդինգ":