2014թ. հուլիսի 20-ին ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունները Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրել են տոնական միջոցառումներ՝ նվիրված ՙՀանքագործի և մետալուրգի օր՚ մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 244-րդ տարեդարձին:
Միջոցառումները մեկնարկել են Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրի հարակից հրապարակում, որտեղ նորակառույց դրոշաձողերի վրա առաջին անգամ բարձրացվել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական, ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների ՙՎալլեքս Գրուպ՚ և ՙՎալլեքս Մայնինգ՚ կորպորատիվ դրոշները: Այնուհետև տեղի են ունեցել պարգևատրման արարողություն. մասնագիտական առաջադիմության և արդյունավետ աշխատանքի համար ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների կողմից շնորհակալագրով ու դրամական պարգևով պարգևատրվել են խմբի ՙԹեղուտ՚, ՙԲեյզ Մեթըլս՚, ՙՎալլեքս Տուր՚ և ՙԼեռնամետալուրգիայի ինստիտուտ՚ փակ բաժնետիրական ընկերությունների 24 աշխատակիցներ:
Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրին կից ռեստորանում տրվել է տոնական ճաշ: Իսկ Շնողի մշակույթի տանը տոնական միջոցառումների ծրագրով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչների համար ներկայացրել են Խորեն Արամունու ՙԱնվերադարձ ապագա՚ ներկայացումը: Տոնական միջոցառումները շարունակվել են Ալավերդի քաղաքում: Հանդիսությունների ՙՊիրիտիկ՚ սրահում ՙԱրմենիան Քափըր Փրոգրամ՚ փակ բաժնետիրական ընկերության աշխատողների համար կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ հանդիպել և շնորհավորական խոսք են ասել ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ալավերդու հոգևոր առաջնորդ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: ՙԱրմենիան Քափըր Փրոգրամ՚ փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահի հրամանով մասնագիտական առաջադիմության և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրով ու դրամական պարգևով պարգևատրվել են խմբի Ալավերդու պղնձաձուլական գործարանի 10 աշխատակից:
Օրվա առթիվ համաքաղաքային տոնական միջոցառումներ էին կազմակերպվել Ալավերդու ՙՄետալուրգՙ մարզադաշտում, որտեղ հավաքված հազարավոր ալավերդցիներին շնորհավորական խոսք են ուղղել ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը և Ալավերդու հոգևոր առաջնորդ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: Մարզադաշտում կազմակերպված միջոցառումների շրջանակներում ՙՎալլեքս՚ խմբի ՙԱրմենիան Քափըր Փրոգրամ՚ փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահի հրամանով պատվոգրերով ու դրամական պարգևներով պարգևատրվել են ՙԱրմենիան Քափըր Փրոգրամ՚ փակ բաժնետիրական ընկերության մետալուրգիական արտադրամասի հալման բաժանմունքի հրահեստող Գագիկ Ղարդյանը՝ Մետալուրգիայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար և Ալավերդու բնակիչ Ավետ Թամազյանը՝ Ալավերդուն մատուցած ծառայությունների համար: ՙՎալլեքս՚ խմբի ՙԹեղուտ՚ փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հրամանով հանքարդյունաբերության բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար պատվոգրով ու դրամական պարգևով պարգևատրվել են ընկերության Լեռնահանքային վարչության բացահանքի պետ Միխայիլ Ռազմիկի Եսայանը: ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների՝ արդյունավետ աշխատանքով աչքի ընկած աշխատակիցներին տոնական միջոցառումների շրջանակներում հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրել է նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը: Տոնական օրը Ալավերդու մետալուրգ մարզադաշտում եզրափակվել է հայաստանյան էստրադայի հանրաճանաչ ներկայացուցիչների մասնակցությամբ համերգով և հրավառությամբ: