Արմինֆո.Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության գերակայությունն է։ Այդ մասին մարտի 22-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։
Այդ առումով նա ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականության բարիդրացիության այս առանցքային սկզբունքում կարևոր և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ինչպես Հայաստանը, այնպես էլ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործընթացը:
Քանին տեղեկացրել է, որ Երևան է ժամանել իր հայ գործընկերոջ հրավերով, և երեկ և այսօր շատ արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել նրա, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի հետ։ "Այդ հանդիպումների ընթացքում ընդգծվել է Իրանի անփոփոխ դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում։ Հանդիպումների ժամանակ մենք նաև ընդգծել ենք, որ Իրանը մշտապես կայուն և հուսալի գործընկեր է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատման գործում։ Մենք նաև նշել ենք, որ միայն տարածաշրջանի երկրներն են խաղաղության և կայունության երաշխավորները, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող ապահովել այդ խաղաղությունն ու կայունությունը։ Նրանք այլ նպատակներ են հետապնդում", - ասել Է Իրանի փոխարտգործնախարարը։
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե ինչ ռիսկեր է պարունակում տարածաշրջանի համար Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ Աստված ստեղծել է դիվանագետներին, որպեսզի նրանք առաջ տանեն խաղաղության օրակարգը, որպեսզի երկխոսության միջոցով կարողանան հասնել կայունության: "Ես կարծում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան ողջախոհ կլինեն, որպեսզի ընտրեն երկխոսությունը՝ առկա հարցերին լուծում գտնելու համար։ Եվ Իրանը կգործադրի բոլոր ջանքերը խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրները և հարցերը լուծելու համար", - ասել է նա, հույս հայտնելով, որ տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղ ապագա է սպասվում։