Արմինֆո.Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները գնդակոծության են ենթարկվել Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հայ զինծառայողին տարհանելու փորձի ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ուժային կառույցների աղբյուրները, երկու ռուսաստանցի թեթեւ վիրավորում են ստացել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Մինչդեռ, մի շարք թելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ ռուս զինվորականները հայտնվել են ադրբեջանական կողմի նախապատրաստած ծուղակում։ Իբր, ադրբեջանական կողմը հաստատել է իրենց մոտ ՀՀ ԶՈՒ զինծառայողի առկայությունը և համաձայնել է նրան հանձնել ռուսական կողմին։ Սակայն, ռուս զինվորականների մոտեցած մեքենան գնդակոծվել է։ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել հաստատել կամ հերքել տվյալ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ դիրքերի թիկունքային պարենային ապահովումն իրականացնող զինծառայողի հետ կապը կտրվել է, երբ վերջինս հաց էր տեղափոխում դիրքեր։ Ըստ ՊՆ - ի ՝ զինծառայողը կորցրել է կողմնորոշումը տեղանքում՝ ուժեղ մառախուղի պատճառով ։