Արմինֆո.ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը,
գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։
«Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։ Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում», - հաղորդւոմ է Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Կապիտանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատել է, որ իր պաշտպանյալ Եղիշե Հակոբյանը, որը մեղադրվում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով, երկու ամսով կալանավորվել է: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ որոշումն անօրինական է, և պաշտպանությունը կբողոքարկի այն: