Արմինֆո.Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը:
Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի գործունեությանն առնչվող կարևոր այլ հարցեր։
«Եվրիմաժի» համաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը:
ԵԽ «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովին մասնակցել են 39 անդամ երկրների ներկայացուցիչներ և պատվիրակություններ:
Հիշեցնենք, որ «Եվրիմաժ» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանի մասնակցությամբ նկարահանված «Սպիտակ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտ, 2016 թվական), «Ֆաբրիկա» (ռեժիսոր՝ Յուրի Բիկով, երկրներ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան, 2017 թվական), «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան, երկրներ՝ Ֆրանսիա, Հայաստան, Բելգիա, 2018 թվական), «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն (ռեժիսոր՝ Իննա Սահակյան, երկրներ՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, 2019 թվական), «Ամրոցը» (ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ, երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Բուլղարիա, Հայաստան, 2021 թվական) ֆիլմերին:
Նշենք, որ "Եվրիմաժը" (Eurimages) համատեղ կինոարտադրության եւ կինեմատոգրաֆիական ու տեսալսողական աշխատանքների վարձույթի աջակցության հիմնադրամ է, որը ստեղծվել է 1988 թվականին Եվրոպայի խորհրդին առընթեր եւ ներկայում ներառում է իր գործունեությանը մասնակցող 38 երկիր: Հայաստանը հիմնադրամի անդամ է դարձել 2016 թվականին։ Իր գործունեության շրջանակներում "Եվրիմաժն" աջակցում է համատեղ արտադրանքի ստեղծմանը, տարածմանը, աջակցում է կինոթատրոնային ցուցադրությանը և մասամբ փոխհատուցում է ֆիլմերի թվային ձևաչափի փոխադրման ծախսերը: Համատեղ արտադրության սուբսիդավորման վրա ծախսվում է հիմնադրամի միջոցների գրեթե 90 տոկոսը, որոնք ստացվում են անդամավճարներից (մոտ 25 մլն եվրո)։ 1989 թվականից ի վեր "Եվրիմաժը" մասնակցել է ավելի քան 1200 լիամետրաժ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ստեղծմանը, որոնք պատրաստվել են համատեղ արտադրությամբ: Դրանցից շատերն արժանացել են հեղինակավոր մրցանակների։ Եվրիմաժի կողմից մեկ ֆիլմի ֆինանսավորումը կազմում է մինչև 20% և բացարձակ արտահայտությամբ հասնում է 500 հազար եվրոյի ։ Հայաստանը տարեկան 110 հազար եվրո ծավալով անդամավճար է վճարում հիմնադրամին։ Մինչդեռ, պետությունը հայրենական կինեմատոգրաֆին աջակցելու համար հատկացնում է տարեկան մոտ 247 մլն դրամ։