Արմինֆո. «Ներքաղաքական կյանքը իր օրգանական միջավայր վերադարձնելու համար նախ պետք է արձանագրել, որ «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն են մնացել Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, որոնք պետք է ստանձնեն ընդդիմության քաղաքական պատասխանատվությունը, իսկ ԱԺ խմբակցությունները պետք է անվանափոխել այս երկու կուսակցությունների անուններով:
Այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք չեն հանդիսանում նշված կուսակցությունների անդամներ կամ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրանց քաղաքական գործունեության համար, կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավորներ, կամ վայր դնեն իրենց պատգամավորկան մանդատները:
Սա անհրաժեշտ է ընդդիմության ինստիտուցիոնալիզացման, ընդդիմադիր գործունեությանը քաղաքական դեմք և պատասխանատվության կոնկրետ հասցեատեր ունենալու համար:
Կլինի՞ սա, անկեղծ չգիտեմ, պետք է՞ սա պետությանը՝ միանշանակ . . .
Հ.Գ. Այս արձանագրումն արտացոլում է առկա քաղաքական իրողությունը, նպատակ ունի բարձրացնել ընդդիմության աշխատանքի արդյունավետությունը, կազմակերպվածությունը, և որևէ կերպ չի վնասում ԱԺ ընդդիմադիր ուժերի վարկանիշին ու հեղինակությանը:
Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունն արել եմ դեռևս հուլիսին և հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, քանի որ Դաշնակցության անդամ չեմ և չեմ ցանկացել կիսել «Հայաստան» խմբակցության գործունեության քաղաքական պատասխանատվությունը . . .», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում խորհրդարան էր անցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" դաշինքի ցուցակով։ 2022 թվականի հուլիսի 6-ին նա մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ։
Նոյեմբերի վերջին "Վերածնվող Հայաստան" կուսակցությունը, որը մտնում է "Հայաստան" դաշինքի մեջ, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովում իր գործունեության դադարեցման մասին։ Նշվում էր, որ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, կարող են վերցնել մանդատը։ Սակայն այդ դեպքում նրանք պետք է լքեն կուսակցության շարքերը։ Արդյունքում՝ այսօր "Հայաստան" կուսակցության 2-րդ անդամը հրաժարվեց վերցնել պատգամավորական մանդատը։