Արմինֆո. Հաագայում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված մասնագիտական քննարկման ժամանակ պատմել են հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին: Այդ մասին հաղորդում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Հաղորդագրության համաձայն, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Լյուքսեմբուրգի դեսպանատան հրավերով մասնակցել է Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների 21-րդ վեհաժողովի շրջանակներում վերջինիս կողմից կազմակերպված "Ցեղասպանության կանխարգելման պարտավորության կատարումը միջազգային իրավունքով" թեմայով քննարկմանը:
Հիմնական զեկուցող, պրոֆեսոր Հուննա Հերին, խոսելով այսօր ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած ժողովուրդների մասին, մատնանշել է Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի բնակչությանը: Պրոֆեսորն ընդգծել է, որ 2020 թվականին և "Genocide Watch" - ը, և Լեմկինի ինստիտուտը բազմիցս նախազգուշացրել են Ադրբեջանի գործողությունների և հռետորաբանության իրական վտանգի մասին, սակայն դրանցից ոչ մեկը պատշաճ միջազգային արձագանք չի ստացել։
Իր ելույթում դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ ներկա իրադարձությունները հիշեցնում են 20-րդ դարասկզբի իրավիճակը, երբ միջազգային մամուլն ու Օսմանյան Կայսրությունում աշխատող դիվանագետները գրում էին հայերի կոտորածների մասին, սակայն Օսմանյան կայսրության իշխանությունները, համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, շարունակում էին հայերի զանգվածային սպանությունները:
"Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով ամեն օր կոպտորեն խախտում են միջազգային դատարանի ապահովման միջոցները՝ խորացնելով ատելությունը հայերի նկատմամբ, սպառնալով նոր բռնություններով, ոչնչացնելով հայկական ժառանգությունը, համոզված լինելով, որ անպատիժ կմնան", - ընդգծել է Բալայանը:
Հայաստանի դեսպանը նշել է, որ միջազգային դերակատարների կողմից երկակի ստանդարտների կիրառումը հանգեցնում է ակնհայտ աղետալի հետևանքների: Նրա խոսքով ՝ դրանք խաթարում են միլիոնավոր մարդկանց կյանքը աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում ՝ կովկասյան տարածաշրջանում։
Նշենք, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից պետությունները հավաքվել են Հաագայում մասնակից պետությունների վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանի, որը տեղի է ունենում դեկտեմբերի 5-10-ը ներառյալ։
Որպես դատարանի ղեկավար մարմին՝ մասնակից պետությունների վեհաժողովը տարին մեկ անգամ հավաքվում է ամբողջական լիագումար նիստի՝ քննարկելու և որոշումներ կայացնելու միջազգային դատարանի հետագա գործունեության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկա են յուրաքանչյուր փուլում՝ հետեւելով նիսսստերին և փոխգործակցելով պատվիրակների հետ: Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը, պետությունները և դատարանը մի շարք զուգահեռ միջոցառումներ են անցկացնում մասնակից պետությունների 21-րդ վեհաժողովի շրջանակներում։