Արմինֆո.Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ:
Ինչպես հաղորդում է պետնախարարի մամուլի ծառայությունը, նա անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:
Նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի է համարել այն նախարարների աշխատանքը, ովքեր պաշտոններն ստանձնել են անմիջապես պատերազմից հետո՝ փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն Արցախի զարգացման համար:
Հանդիպումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև քննարկում է ունեցել նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ՝ հորդորելով նրանց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքներին և ողջ ծավալով իրականացնել պարտականությունները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Արցախի նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Իրենց պաշտոնները կպահպանեն արդարադատության նախարար Հրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Հավելենք նաև, որ հայկական ԶԼՄ - ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե, իբր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարող է գլխավորել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։