Արմինֆո. Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ։Քննարկվել են Արցախ-Կալիֆորնիա հարաբերություններին և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։
Նախարարը երախտագիտություն է հայտնել Էնթոնի Պորտանտինոյին և Ադրին Նազարյանին տարիներ շարունակ սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշում ունենալու և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ Դատի ներկայացուցիչներ։
Ինչպես հաղորդում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույն օրը Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։ Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ դատի հանձնախմբին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։ Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։