Արմինֆո.Սեպտեմբերի 13-15-ը ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում են տեղեկատվություն տրամադրել իրենց զավակների մասին:
Զինծառայողներից մեկի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ արդեն 13 օր որդու մասին ոչինչ չգիտի, վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 13-ի առավոտյան։ Նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հարցնելով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում իրենց զավակների ճակատագիրը պարզելու համար։ "Արդեն 13 օր այնտեղ են գտնվում վիրավոր զինվորականներ ու զոհվածների մարմինները։ Դուք ոչինչ չեք արել, որ գոնե վիրավորներին ժամանակին դուրս բերեք։ Այժմ երեխաները փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ մենք ունեցել ենք զոհեր ու վիրավորներ։ Այդ հատվածն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ոչ մի որոնողական աշխատանք այնտեղ չի իրականացվում", - նշել է նա, տարակուսանք է հայտնելով իրենց զավակների ճակատագրի նկատմամբ պետության անտարբերության առնչությամբ, որոնք իրենց պարտք են կատարում հայրենիքի հանդեպ։
Զինծառայող Սամվել Անտանյանի հայրը՝ Հայկ Անտանյանը, հաղորդել է, որ իր որդին երկու ամիս առաջ զորակոչվել է զինվորական ծառայության։ Նա որդու հետ կապը կորցրել է սեպտեմբերի 15-ին, մինչ այդ նրան ուղարկել էին Ներքին հանդի ուղղությամբ ինժեներական աշխատանքների, ծառայությունն անցնում էր Կապանում։ "Ոչ ոք հասկանալի բացատրություն չի տալիս, ոչինչ չի արվում։ Ես արդեն անցել եմ բոլոր ատյանները, իմ որդու մասին ոչ մի նորություն չկա", - նշել է նա, հավելելով, որ իրենց, նույնիսկ, հնարավորություն չեն տալիս մասնակցել որոնողական աշխատանքներին, որոնք տեղի անտառապահների կողմից անցկացվում են։ Դա պատճառաբանվում է այն հանգամանքով, որ ծնողները տեղանքին անծանոթ են։
Հաաավելենք, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս հստակ տվյալներ չեն տվել այն մասին, թե քանի մարդ է համարվում անհետ կորած, քանիսն են գերեվարվել սեպտեմբերի 13-15-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Իրավապաշտպանների տվյալներով՝ վերջին ագրեսիայի հետեւանքով ադրբեջանական գերության մեջ կարող են գտնվել մինչեւ 20 ռազմագերիներ: Հավելենք նաև, որ շատ ռազմագերիներ, ովքեր վիրավորվել են և հայտնվել ադրբեջանական գերության մեջ, այնուհետև սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Հայկական կողմին են հանձնվել, առնվազն, երկու գերեվարված զինծառայողների դիակները: