Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ Արդարադատության նախարարությունը հավաստիացնում են, որ առնչություն չունեն PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) HPG թեւի երկու անդամների՝ Աթիլլա Չիչեքի եւ Հուսեյն Յըլդըրըմի Թուրքիա արտահանձնման հետ:
ԱԱԾ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։ Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»։
Արդարադատության նախարարությունն, իր հերթին, հավաստիացնում է, որ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային: «Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ "Հայաստան" դաշինքից ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հաղորդել էր, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիային է փոխանցել Քուրդիստանի աշխատավոր կուսակցություն HPG թեւի երկու անդամների։
Ավելի ուշ Քրդստանի համայնքների միությունը (KCK) հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Հայաստանի իշխանությունների կողմից Աթիլլա Չիչեքի և Հուսեյն Յըլդըրըմի արտահանձնումը: Հայտարարության մեջ Քրդստանի համայնքների միությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Թուրքիայի հետ գաղտնի համագործակցության եւ Հայաստանի ու քրդական բարեկամության շահերը դավաճանելու համար:
KCK-ը նաեւ կոչ է արել Փաշինյանի կառավարությանը անհապաղ հրաժարվել "ցեղասպանություն իրագործող թուրքական գաղութարարն պետության հետ համագործակցությունից եւ ներողություն խնդրել հայ եւ քուրդ ժողովրդներից այդ միջադեպի համար": Հայտարարությունում նաև հիշեցվում է, որ քրդերը ձերբակալվել էին 2021թ. օգոստոսին՝ հայ-թուրքական սահմանին։
Իսկ datalex.am-ում զետեղված դատավճռի համաձայն, 2022թ. հունվարին նրանք Հայաստանում դատապարտվել են, համապատասխանաբար, 3 և 7 տարվա ազատազրկման ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և զենք կրելու համար։ Այնուհետև Վերաքննիչ դատարանը, ըստ ԶԼՄ-ների, փոխել է խափանման միջոցը ՝ ազատ արձակելով դատապարտյալներին։ Թե դրանից հետո նրանց հետ ինչ է պատահել՝ անհայտ է։
Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 23-ին թուրքական հետախուզությունը հաղորդել է, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են "քուրդ ահաբեկիչներ"