Արմինֆո. Հայաստանը ձգձգում է, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" շուրջ պայմանավորվածությունների կատարումը (ճանապարհ Հայաստանի Սյունիքի մարզով - խմբ.)։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ադրբեջանն, ամեն դեպքում, տրանսպորտային հաղորդակցություններ կհաստատի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ: "Արդեն սկսվել է Արաքս գետի վրա առաջին կամրջի շինարարությունը։ Այսինքն, մենք Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության այլընտրանք ունենք (Իրանի միջոցով-խմբ.)", - նշել է Բայրամովը։ Այնուհետև Բայրամովը ցինիկաբար հայտարարել է, թե, իբր, այդ տրանսպորտային երթուղին տարածաշրջանային համագործակցությունից դուրս չմնալու հնարավորություն է Հայաստանի համար։ "Եթե Երեւանը ճիշտ որոշում չընդունի, ապա հենց իրենք վնասն կկրեն", - հավաստիացրել է ադրբեջանցի նախարարը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է, իբր, խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքային խմբի ստեղծումից խուսափելու համար, որի սկզբունքներն ադրբեջանական կողմը Երեւանին է ուղարկել տարեսկզբին: Բայրամովը պնդում է, որ այդ փաստաթղթի բոլոր հոդվածները "համապատասխանում են միջազգային իրավունքին, պետությունների տարածքային ամբողջականությանը": "Սակայն Հայաստանը խոսքով ընդունում է այդ սկզբունքները, իսկ գործնականում ամեն կերպ ձգձգում է գործընթացը, խուսափում է խաղաղության պայմանագրի աշխատանքային խմբի ստեղծումից։ Մենք հավատարիմ ենք մեր պարտավորություններին, դա ենք ակնկալում նաեւ հակառակ կողմից", - ասել է Բայրամովը: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է, որ "Ադրբեջանը պնդում է հայկական զորքերի դուրս բերումը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտու տարածքներից":
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին պայմանավորվածությունը, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի հաստատման վրա, ձեռք է բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած երեք երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում: Այդ պայմանավորվածությունները ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակությունն էին ։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն ՝ Հայաստանը երաշխավորում է Նախիջևանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ նոր հաղորդակցությունների կառուցումը ։ Սակայն, հաղորդակցությունը պետք է կազմակերպվի, հաշվի առնելով պետությունների ինքնիշխանությունը, որոնց տարածքով անցնում են տրանսպորտային հաղորդակցությունները: Մինչդեռ, Ադրբեջանը ճնշման միջոցով փորձում է հասնել ՀՀ Սյունիքի մարզով ճանապարհի բացման՝ միջանցքային տրամաբանությամբ։