Արմինֆո.2022թ. նոյեմբերի 11-13-ը Երևանում կայանալու է «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը՝ քաղաքացիական ասամբլեայի մոդելի հիման վրա։
«Ապագա Հայկականի» մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համաժողովը ունենալու է 200 մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից՝ ընտրված բաց վիճակահանության միջոցով։ Նրանք հնարավորություն են ունենալու բաց քննարկում ծավալելու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակների կյանքի կոչման հնարավոր քաղաքականության ու ծրագրերի շուրջ և ներկայացնելու առաջարկություններ իշխանություններին և կազմակերպություններին հայրենիքում և սփյուռքում:
«Համաժողովին մասնակցության հայտերի ներկայացումը բաց է բոլորի համար։ Համաժողովին գրանցվելու մանրամասներին ծանոթանալու համար այցելեք https://futurearmenian.com/convention/ կայքը կամ զանգահարեք +374 60 700 800 հեռախոսահամարով», - ասվում է հաղորդագրությունում:
Համաժողովն անդրադառնալու է «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ» նպատակներին, վեր է հանելու առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։
«Ապագա Հայկական»-ը հասարակական նախաձեռնություն է, որը ստեղծվել է հայերի եւ Հայաստանի բարեկամների կողմից՝ Հայաստան պետության եւ հայ ազգի կայուն զարգացման ընդհանուր ըմբռնում , ձեւավորելու նպատակով: