Արմինֆո.Այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որեւէ լուրջ առաջընթաց չկա: Այդ մասին հունիսի 30-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, բանակցային գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի հենց սկզբից հայկական կողմը կառուցողական մոտեցում եւ քաղաքական կամք է դրսեւորել՝ դրանք արագ կարգավորելու համար: "Բայց, ինչպես տեսնում եք, մեծ առաջընթաց դեռ չկա, եւ դա ակնհայտ է", - ընդգծել է Ռուբինյանը, հավելելով, որ գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի համապատասխան կառուցողականությունից եւ քաղաքական կամքից:
Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 1-ին, Վիեննայում նախատեսված է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կհանդիպեն չորրորդ անգամ։ Նրանք արդեն երեք հանդիպում են անցկացրել երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու գործընթացի շրջանակներում (հունվարի 14 - ին Մոսկվայում, փետրվարի 24-ին եւ մայիսի 3-ին՝ Վիեննայում): Թե Երեւանը, թե Անկարան վերահաստատում են առանց նախապայմանների երկխոսության գործընթացը շարունակելու իրենց հանձնառությունը՝ "կարծիքների աանկեղծ եւ արդյունավետ փոխանակման եւ շոշափելի առաջընթացի հասնելու համար հնարավոր քայլերի քննարկման միջոցով":