Արմինֆո. Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։
Զրուցակիցները քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ընդհանուր հետաքրքության ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։
Նախարար Միրզոյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը՝ հույս է հայտնելով, որ ԵԱՀԿ-ում գալիք նախագահության շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիան կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը՝ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հասնելու համար։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույն օրը Թուրինում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությանը վերաբերյալ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը։ ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները։