Արմինֆո.Արցախի ԱԱԾ-ն արձագանքել է հանրապետության որոշ գյուղեր ադրբեջանցիների, իբր, "ազատ մուտքի" վերաբերյալ լուրերին: Արցախի ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»:
Հարկ է նշել, որ Արցախի ԱԱԾ-ն այսօր հաղորդել է նաեւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղի բնակչին հավաքագրելու հերթական դեպքի բացահայտման մասին, այս անգամ՝ Telegram սոցիալական ցանցի միջոցով: «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը: Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:
Միաժամանակ կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը», - ասվում է Արցախի ԱԱԾ հաղորդագրությունում: