Արմինֆո. "Տարածաշրջանում խաղաղության և կայունության դարաշրջանը, որի մասին շատ է խոսվել, ենթադրում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, որը պետք է տեղի ունենա աստիճանաբար", - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա, ընդսմին, համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր մակարդակի երկխոսությունն է:
"Մենք տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, որոնք պետք է տարանջատվեն Ադրբեջանի հետ հարաբերություններից", - ընդգծել է ԱԽ քարտուղարը:
Սակայն, նա նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, ինչի մասին խոսել են նաև երկրի նախկին իշխանությունները։ "Մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կլինի: Առկա բոլոր հարցերն, անշուշտ, հետագա քննարկումների կարիք ունեն, բայց նախապայմաններից հարաբերություններ սկսելը չափազանց բարդ կլինի", - ընդգծել է նա։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Գրիգորյանը նշել է, որ խնդրի լուծման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Ընդ որում, նա նշել է, որ այդ պլատֆորմի շրջանակում պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը դեռ լուծված չէ։ "Ղարաբաղի հարցը երբեք տարածքային չի եղել, այլ միշտ էլ դիտարկվել է ինքնորոշման իրավունքի համատեքստում։ Մենք այդ մասին խոսում ենք ավելի քան 30 տարի", - ասել է Գրիգորյանը։