Արմինֆո. Ռուսական "Մետրոգիպրոտրանս" ընկերությունը մասնակցել և հաղթել է Երերանի մետրոյի նոր կայարանի նախագծման համար քաղաքապետարանի հայտամրցույթում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ռուսական կողմը, նրա խոսքով, առաջարկել է ֆինանսավորել այդ նախագիծը, ինչպես նաեւ իր վրա վերցնել շինարարական աշխատանքները: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն դոլար: Քերոբյանը նշել է, որ խոսքը 10 տարվա ֆինանսավորման մասին է, ինչի մասին արդեն գրավոր պայմանավորվածություն կա:
Այդ առնչությամբ նախարարն ընդգծել է, որ նման խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը լավ նախադրյալներ են տնտեսության աճի և բնակչության բարեկեցության խոստացված ցուցանիշների հասնելու համար:
Նշենք, որ "Մետրոգիպրոտրանսը" Ռուսաստանի խոշորագույն նախագծային կազմակերպություններից մեկն է, որը հիմնադրվել է 1933 թվականին։ Մետրոգիպրոտրանը մշակել է Մոսկվայի մետրոպոլիտենի 300 կմ երկարությամբ 171 կայարանով գծերի կառուցման նախագծերը, մետրոպոլիտենի առաջին գծերի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումները, որոնք գործում են Ռուսաստանում և ԱՊՀ երկրների մեծ մասում, ինչպես նաև բազմաթիվ երկաթուղային, ավտոճանապարհային և հիդրոտեխնիկական թունելների, քաղաքային ստորգետնյա տրանսպորտային խաչմերուկների, արդյունաբերական և հասարակական շենքերի և շինությունների կառուցման նախագծերը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ