Արմինֆո. Հայաստանում այսօր հիշում են ՀՀ Ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե "Ավո" Մելքոնյանին, ով ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆոռնիայի Վիսեյլիա փոքր քաղաքում ՝ Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում:
1969 թվին Մոնթեի ընտանիքը տեղափոխվեց Իսպանիա։ Դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն մեկնեց Թուրքիա ՝ տեսնելու իր նախնիների հողերը, ապա՝ Լիբանան։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա ընդունվեց Բերքլիի համալսարան ՝ "Հնագիտություն" և "Ասիայի պատմություն" մասնագիտություններով։ Վերապատրաստվեց Ճապոնիայում։ 1975 թ. դասավանդել է Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում: Մոնթեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին ՝ աջ քրիստոնեական կազմավորումների կողմից (70-ականների վերջը ՝ 80-ականների սկիզբը), իսրայելական զորքերի դեմ մարտական գործողություններին (1982)։ 1980թ. գարնանը անդամագրվեց Հայաստանի ազատագրության աայ գաղտնի բանակին (ASALA)։ Մոնթեն ծրագրել եւ կազմակերպել է «Վան» գործողությունը (Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը 1981-ի սեպտեմբերի 24-ին), մի շարք այլ գործողություններ եվրոպական պետություններում թուրքական օբյեկտների դեմ: ASALA-ի պայքարի մեթոդների հետ կապված տարաձայնությունների պատճառով (մասնավորապես 1983 թվականին Օռլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո, որտեղ զոհվել էր 8 խաղաղ բնակիչ) Մոնթեն առանձնացավ Հակոբ Հակոբյանի կողմնակիցներից (Միհրանյան Միհրան, Թաքուշյան Հարություն) և կազմավորեց ASALA-RM ("Հեղափոխական Շարժում ASALA") նոր խմբակցություն։ Նրա ձերբակալությանը (1981 թվականին)՝ Հռոմում թուրք դեսպանի սպանության մեղադրանքով, ASALA-ն պատասխանեց 15 պայթյուններով, եւ մեկ ամիս անց Մելքոնյանին ազատ արձակեցին: 1985թ. նոյեմբերին Մոնթեն Փարիզում երկրորդ անգամ ձերբակալվեց ՝ սահմանն ապօրինի հատելու, հրազեն պահելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, դատապարտվեց 6 տարվա ազատազրկման (իրապես 3,5 տարի է մնացել)։ 1989թ. բանտից ազատվելով ՝ Մոնթեն ձգտում էր հասնել Հայաստան։ 1991թ. սեպտեմբերին ժամանեց Արցախ և մասնակցեց Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերի համար մղված մարտերին: Նա դարձավ Կոռնիձորի ջոկատի շտաբի պետ։
1992թ. ամռանը Մաճկալաշեն գյուղի մոտ ադրբեջանական բանակը բախվեց Մոնթեի ջոկատին։ Թշնամին կանգնեցվեց, կրեց կենդանի ուժի եւ տեխնիկայի հսկայական կորուստներ: Արցախին հարավից սպառնալիքը վերացավ։ Շուտով Ավոն գլխավորեց Մարտունու պաշտպանական շրջանը։ Եւս մեկ տարի նա քաջաբար մարտնչեց ՝ պաշտպանելով ԼՂՀ Մարտունու շրջանը։ Այդ ընթացքում Մարտունու շրջանի հայկական ստորաբաժանումները, ինչպես սիրում էր ասել Մոնթեն, "ոչ մի սանտիմետր չեն տվել իրենց հողից"։ Մոնթեն մասնակցել է պաշտպանական և ազատագրական մարտերին ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններում ՝ նվաճելով համաժողովրդական սեր և հարգանք: ԼՂՀ զինված ուժերի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը զոհվեց 1993թ. հունիսի 12-ին Մարզիլում:
Պատմական գիտությունների թեկնածու, 7 լեզվի տիրապետող Մելքոնյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ վաստակի, ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար հետմահու արժանացել է "Արցախի հերոս" ԼՂՀ բարձրագույն կոչմանը ՝ դառնալով "Ոսկե արծիվ" շքանշանի ասպետ, Հայաստանի ազգային հերոս (1996), "Մարտական խաչ" 1-ին աստիճանի շքանշանի: Հուղարկավորված է "Եռաբլուրում" ։